Բաժին. Տնտեսական

Վիվասել-ՄՏՍ. Սահմանապահ Բերդավանում ավելացել է գիշերային անվտանգ անցուդարձի հնարավորությունը

3 ծրագիր՝ երեք տարվա ընթացքում, տեղակայված 269 LED լուսարձակ և 8,5 կմ երկարությամբ լուսավորված տարածք: Սահմանապահ Բերդավանում, միայն փողոցների լուսավորության ծրագրով, 2016-2018 թվականներին՝ այսպիսին էր ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) գործընկերության ամփոփ պատկերը: Համագործակցությունը շարունակվել է նաև ընթացիկ տարում. իրականացվել է  փողոցային լուսավորության 4-րդ ծրագիրը: 2019 թվականին, գործընկեր կառույցների և Նոյեմբերյանի համայնքապետարանի համատեղ ջանքերով, էներգախնայող արտաքին լուսավորության LED լուսարձակների թիվն ավելացել է 56-ով՝ լուսավորելով 2կմ ընդհանուր երկարությամբ ևս հինգ փողոց: Իրականացված ծրագրերի շնորհիվ, Բերդավանում ընդհանուր առմամբ արդեն լուսավորվել է 10,5 կմ ճանապարհահատված: Տարիների ջանքերի շնորհիվ, լուսավորվել են համայնքի հիմնական փողոցները, գյուղի սահմանային եզրը, դեպի մանկապարտեզ, դպրոց և համայնքային նշանակության այլ կառույցներ տանող  փողոցները:

Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Բերդավանի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը և համայնքի բնակիչները:

«Խնդիրները նման են ճահճի. որքան անտեսվում են, այնքան ավելի մեծ ջանքեր են պահանջվում հետո՝ դրանցից ազատվելու համար։ Եթե մենք երազում ենք լավ միջավայրի ու բարեկեցիկ երկրի մասին, պետք է ձգտենք ավելի խորքային մտածողություն ունենալ և մեծ ուշադրություն դարձնել գյուղերին։ Քաղաքն իր բնույթով ավելի լսելի է։ Մինչդեռ գյուղը՝ հատկապես սահման պահողը, և՛ ֆինանսական, և՛ հոգեբանական մեծ աջակցության կարիք է զգում։ Մենք Բերդավանում շատ ենք եղել։ Ձգտել ենք մեծ խնդիրներ լուծել շարունակական ծրագրերով։ Այսօր այստեղ ենք՝ հերթական ծրագրի արդյունքը տեսնելու համար։ Ուրախ եմ, որ գյուղում անվտանգ անցուդարձը հնարավոր է դարձել ևս մի քանի փողոցի բնակիչների համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Բերդավանը Հայաստանի սահմանապահ այն հազվագյուտ գյուղերից է, որտեղ փողոցները լուսավորվում են ամբողջ գիշեր: LED լուսարձակների բնապահպանական բաղադրիչն էլ ապահովում է կայուն և մաքուր շրջակա միջավայր։ Գյուղում արդեն իսկ գնահատել են համակարգի արդյունավետությունն ու կարևորությունը:  Թեթևացել է  համայնքի ֆինանսական բեռը. LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, ծառայում են անհամեմատ ավելի երկար և սպառում 80%-ով պակաս էլեկտրաէներգիա: Լուսավորության խնդրի կարգավորման շնորհիվ, լուծվել է նաև  օրվա ուշ ժամերին անվտանգ քայլելու և երթևեկելու խնդիրները, ինչն առավել կարևոր է սահմանապահ գյուղերում:

Սահմանապահ գյուղերում ենթակառուցվածքների զարգացումը թիրախավորած գործընկերները, «Էկոգյուղերի ցանց» նախագծի շրջանակում, Տավուշի մարզի Բերդավան գյուղում արդյունավետ գործընկերություն են ծավալվում 2015թ.-ից սկսած: Արտաքին լուսավորության համակարգ կառուցելուց բացի, այստեղ իրականացվել են նաև այլ ծրագրեր. գյուղի մանկապարտեզն ու երաժշտական դպրոցն ապահովել են ջեռուցման՝ արևային համակարգերով:

———–

էկոգյուղերի ցանցը ներառում է գյուղեր Հայաստանի ամբողջ տարածքից, որտեղ տեղական մասնակցային գործընթացների միջոցով սոցիալական, մշակութային, տնտեսական և բնական միջավայրի վերականգնմանն ուղղված ծրագրեր են իրականացվում: Էկոգյուղերի հայեցակարգի hիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական ուղղությունների՝ մասնակցային և համընդգրկուն նախագծման միջոցով ինտերգրումն է: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Էկոգյուղերի համաշխարհային ցանցի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում  է 2002թ-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է։ Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։ Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am 

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com 

Share