Բաժին. Տնտեսական

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից կգործի ՀՀ մաքսային կցորդ

Կառավարությունը սահմանել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի կարգավիճակը և գործունեության կարգը : Մաքսային կցորդը կգործի ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմնի խորհրդականի կարգավիճակով: Հիմնավորման համաձայն՝ որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ մաքսային ոլորտին առնչվող շահերը ՌԴ-ում ներկայացնելու, Հայաստանի և Ռուսաստանի միջև մաքսային ոլորտին առնչվող հարցերում փոխշահավետ և ակտիվ համագործակցություն ապահովելու նպատակով: Այն պայմանավորված է նաև Դաշնային մաքսային ծառայության Հյուսիս-Կովկասյան մաքսային վարչության Հյուսիս-Օսեթական մաքսատան «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետում մաքսային գործառնությունների իրականացման հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ օպերատիվ քայլեր ձեռնարկելու, Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունում, այդ թվում՝ Վերին Լարսի անցակետում մաքսային գործընթացների, տեղափոխվող ապրանքների հոսքերի մասին տեղեկություններ հավաքագրելու և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ղեկավարին դրանք տրամադրելու նպատակներով ՌԴ-ում ՀՀ համապատասխան ներկայացուցիչ՝ մաքսային կցորդ ունենալու անհրաժեշտությամբ: Մաքսային կցորդի նստավայրը տեղակայվելու է Դաշնային մաքսային ծառայության Հյուսիս-Կովկասյան մաքսային վարչության Հյուսիս-Օսեթական մաքսատան շենքում՝ Վլադիկովկասում, ինչը Վերին Լարսի մաքսային կետից 20-25 կիլոմետր է հեռու:

Կառավարության ղեկավարը, անդրադառնալով ընդունված որոշմանը, նշել է, որ այս ընթացքում Վերին Լարսում մեծ ճգնաժամեր կամ անհաղթահարելի իրավիճակներ չեն եղել: «Պետք է արձանագրել, որ Ռուսաստանի ու Վրաստանի մեր գործընկերների հետ շատ լավ աշխատանքային մթնոլորտ ունենք և շատ օպերատիվ աշխատում ենք, ուղղակի նաև մաքսային կցորդի կարգավիճակը մեզ կօգնի, որ ՀՀ կառավարության անդամները բոլոր հարցերով չէ, որ զբաղվեն։ Երբ կառավարության անդամները ստիպված են բոլոր հարցերով զբաղվել, շատ կարևոր հարցեր երբեմն տուժում են դրանից», – ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Share