Բաժին. Տնտեսական

Արկադի Խաչատրյան. Ընդհանուր ներդրումների զուտ հոսքի գծով ունենք դրական դինամիկա, իսկ ուղղակի ներդրումների մասով պատկերը հակառակն է

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հետ զրուցել ենք ներդրումներից։ Վերջին շրջանում սա, թերևս, ամենաքննարկվող թեման է։ Իրական, թե «ֆեյք» շեյխերից մինչև կոստյումավոր կամ ջինս կրող ներդրող, էականը նրանց առաջարկվող պայմաններն են, ոչ թե դրեսկոդը։ Պատգամավորը նկատում է՝ Հայաստանը ներդրողի համար գրավիչ դարձնել է պետք. Հայաստանն այս առումով շատ է զիջում հարևան Վրաստանին։Վրաստանի առավելությունների մասին պատգամավորի հետ կզրուցենք հաջորդիվ, իսկ մինչ այդ ճշտել ենք՝ ի վերջո, օտարերկրյա ներդրումների համատեքստում, ինչ ունենք այսօր։

«2019-ի հունվար-սեպտեմբեր արդյունքներով մենք ունենք իրական հատվածում կատարվող օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալ՝ 128 մլրդ դրամ։ Սակայն պետք է ուշադրություն դարձնել ոչ թե ներդրումների զուտ հոսքին, այլ ուղղակի ներդրումների զուտ հոսքին։ Այստեղ այլ իրավիճակ ունենք։ 2018-ի նույն ժամանակվա ցուցանիշի կեսն է սա։ Վերջին տարիների ամենացածր ցուցանիշն է սա», – նկատում է պատգամավորն ու հավելում՝ ներդրողի համար կարևոր է  ռիսկի ու անորոշության հնարավորինս ցածր ցուցանիշ ունենալ։ Սակայն այսօրինակ գործոնները շատ են։ Մասնագետը կարևորում է, որ ներդրումը լինի երկուստեք օգտավետ, որ շահի թե ներդրողը, թե ներդրման վայրը։ Այս համատեքստում Հայաստանին ինստիտուցիոնալ ներդրողներ են պետք։

Ինչ վերաբերվում է Հայաստանի ներդրումային գրավչության նվազմանը՝ կապված Ամուլսարի հանքի հնարավոր շահագործման և «Սանիթեքի» շուրջ բարձրացված աղմուկի հետ, ապա Արկադի Խաչատրյանը հորդրում է հաշվի առնել նաև մեր երկրի շահը. դատական վեճը նորմալ երևույթ է։

«Եթե դատական վեճը ծագում է քաղաքական կամ իրավական խտրական վերաբերմունքից, ապա դա կարող է ազդել մեր երկրի ներդրումային միջավայրի գրավչության վրա», – կարծում է պատգամավորն ու հավելում՝ վերոնշյալ ներդրողների հետ Հայաստանի հարաբերությունները ներդրումային միջավայրի վրա բացասական ազդեցություն չեն ունենա։

Share