Բաժին. Տնտեսական

Փաշինյանի կանխատեսմամբ՝ 2020-ը զբոսաշրջային առումով լինելու է ավելի լավ տարի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կանխատեսմամբ՝ 2020 թվականը զբոսաշրջային առումով լինելու է ավելի լավ տարի: Կառավարության նիստում վարչապետն ընդգծեց, որ դրա համար կան հստակ ազդակներ:

«Շուտով կսկսվեն  բյուջետային ավիաընկերությունների չվերթները Հայաստան: Հաջորդ շաբաթ արդեն «RyanAir»-ն իր առաջին չվերթը կիրականացնի, այդ պրոցեսը շարունակական է: Միջազգային ամենահեղինակավոր լրատվամիջոցներում հայտնվում են տեղեկատվություններ, որոնք իրենց լսարանին խորհուրդ են տալիս որպես հիմնական զբոսաշրջային ուղղություն ընտրել Հայաստանը: Այս ամենը շատ լավ է, բայց ես ուզում եմ ընդգծել, որ մենք այս ոլորտում շատ անելիքներ ունենք, մասնավորապես, ՀՀ-ում սպասարկման մակարդակը բարձրացնելու, որակի հարցը լուծելու առումով: Պետք է մտածենք, թե ինչպես սկսած տաքսու վարորդներից, ավարտած մնացած օղակներով, որոնց հետ զբոսաշրջիկներն առնչվում են, շփման որոշակի կուլտուրա սերմանենք», – ասաց վարչապետ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ արդեն թռիչքների երկու ուղղություն իրականացվելու է Գյումրի, և այնտեղ համենայնդեպս, օդանավակայանից այլ տարածքներ զբոսաշրջիկներին տեղափոխման քաղաքակրթական բովանդակության մասին պետք է շատ լուրջ մտածել: «Ընդհանրապես, դեռ օդանավակայաններում կարելի է հանդիպել տեսարանների, որտեղ անցագրային տարածքից դուրս եկող մարդիկ ենթարկվում են խմբակային հարձակումների տարբեր ծառայություններ առաջարկողների կողմից: Այստեղ 1000 դրամ ավել-պակաս տանելու խնդիր չէ: ՀՀ ժամանող զբոսաշրջիկների համար պետք է պատրաստվեն տեղեկատվական թերթիկներ՝ տաքսիների մոտավոր գների մասին, ամեն ինչի մոտավոր գների մասին, ընդհուպ առավել քաղաքակիրթ տաքսի ծառայություններից օգտվելու տարբերակների ու հնարավորությունների մասին: Ըստ էության, վերջին 30 տարվա ընթացքում ՀՀ ժամանող զբոսաշրջիկների օրակարգը չի փոխվել»,- ասաց վարչապետը:

Share