Բաժին. Տնտեսական

Կբացահայտվեն ՀԷԿ-երի և ՋԷԿ-երի իրական սեփականատերերը

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին, որով առաջարկվում է էներգետիկայի բնագավառում արտադրություն իրականացնողների իրական բաժնետերերի վերաբերյալ տեղեկատվությունը դարձնել թափանցիկ՝ ըստ էության բացահայտելով իրական սեփականատերերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արտակ Մանուկյանի և Բաբկեն Թունյանի հեղինակած «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց Մանուկյանը։

«Մեր այս առաջարկի գաղափարը հենվում է  կառավարության և «Իմ քայլը» խմբակցության նախընտրական ծրագրերում հաշվետվողականության, թափանցիկության չափանիշների բարձրացման վրա: Եթե տրամաբանությունը դնում ենք հանրային ռեսուրսների նկատմամբ թափանցիկության, հաշվետվողականության վրա, ապա ՀԷԿ-երը, ՋԷԿ-երը և մնացած հանրային ռեսուրսները ևս այդ դասակարգման ներքո են: Եվ մենք առաջարկել ենք էլեկտրաէներգիայի արտադրություն իրականացնողների, որի մեջ մտնում են ՀԷԿ-երը, ՋԷԿ-երը,  բաժնետերերի մասով տեղեկատվությունը դարձնել թափանցիկ»,-ասաց Մանուկյանն ու հիշեցրեց վերջերս ԱԺ-ն ընդունել էր նաև նմանօրինակ նախագիծ՝ ընդերք օգտագործող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման վերաբերյալ:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը նշեց՝ իրենց նախարարությունը գաղափարին կողմ է եղել, սակայն շահագրգիռ գերատեսչությունների կարծիքների հիման վրա կառավարությունն այս պահին նպատակահարմար չի գտնում այս փոփոխությունը: «Կառավարությունը իրականան սեփականատերերի բացահայտման համալիր ծրագրի մշակման կողմնակիցն է, և այդպիսի աշխատանք է կատարում, որը կավարտվի մինչև 2022թ, այն կառաջարկի ոչ թե որևէ ոլորտի առանձին լուծումներ տալ, այլ՝ ընդհանուր»,-ասաց նա ու նշեց՝ կառավարության դիրքորոշումը հիմնված է արդարադատության նախարարության տված դիտողությունների հիման վրա:

Հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը հետաքրքրվեց՝ եթե այդ մեխանիզմը կիրառելի է հանքարդյունաբերության ոլորտում, ապա ինչու կիրառելի չէ էներգետիկայի ոլորտում:  Փոխնախարար Վարդանյանը նշեց՝ կառավարության որոշումն ընդունվել է արդարադատության նախարարության եզրակացության հիման վրա:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանն ասաց՝ հիմա ընդհանուր մոտեցում կա, որ ավելի ընդլայնված ընդհանուր կոնցեպտ մշակվի: Արդարադատության նախարարությունը հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում կմշակի ընդհանուր կոնցեպտ, որը կիրառելի կլինի  բոլոր ոլորտների համար: Նա առաջարկեց ֆրագմենտալ լուծումներ չտալու համար սպասել արդարադատության նախարարության որոշմանը:

Սակայն հանձնաժողովում նախագիծը ստացավ դրական եզրակացություն, այն կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

Share