Բաժին. Տնտեսական

2019թ.-ին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.8%-ով

2019թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին, 2018թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.8%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական Կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել է արդյունաբերական արտադրանքի, շինարարության, առևտրի շրջանառության և բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալների աճը: Նվազել է միայն գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը։

Այսպես, հունվար-դեկտեմբեր ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 9.0%-ով, շինարարությունն աճել է 4.6%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 8.9%-ով, բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 15.0%, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 4.2%-ով։

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 2,103,913.7 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 3,249,220.5 մլն ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 2,062,372.8 մլն ՀՀ դրամ, շինարարության ծավալը՝ 434,602.0 մլն ՀՀ դրամ, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը 852,788.9 մլն դրամ։

Share