Բաժին. Տնտեսական

Գյուղացիական աջակցության ծրագրերից 2019-ին օգտվել է 8841 տնտեսավարող

Հայաստանում նախորդ տարի 8841 գյուղացիական տնտեսություն օգտվել է պետության կողմից սուբսիդավորվող վարկերից: Այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե որքան շահառու է ընդգրկվել կառավարության կողմից ներկայացված ծրագրերում:

«2019-ի ընթացքում նախատեսել էինք, որ պետք է ունենանք 8380 վարկառու ընդհանուր գյուղատնտեսական ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրից, ունենք 8841:Այս ծրագրի շրջանակում անկախ ոլորտային սահմանափակումներից այն գյուղացիական տնտեսությունները, որոնք 3-15 մլն դրամ վարկավորման համար դիմում են կառավարության հետ համագործակցող ֆինանսական հաստատություններին, ստանում են 7 տոկոսային կետի չափով սուբսիդավորում», – ասաց Խաչատրյանը:

Նա նշեց՝ գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում ունեցել են 217 դիմորդ, որոնք 1.7 մլրդ դրամի չափով սարքավորումների լիզինգային վարձակալության գործարքներ են կնքել:  Նախարարը հիշեցրեց, որ տարեվերջին մեկնարկել են ևս 2 կարևոր ծրագրեր՝ բուսաբուծության և անասնաբուծության ոլորտներում, սակայն դեռ թվային ցուցանիշներ հաղորդելը վաղ է:

Share