Բաժին. Տնտեսական

Մհեր Սահակյանը՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մասին

Աշխարհի ամենահզոր տնտեսությունն ունեցող երկրներից մեկը՝ Չինաստանը տնտեսական վերելքի բուռն պահին ծնկի եկավ։ Կորոնավիրուս կոչվող nCoV վիրուսի բռնկման արդյունքում մեծ վնաս է կրել ոչ միայն Չինաստանի, այլ աշխարհի տնտեսությունն ընդհանրապես։ Չինաստանի հարցերով փորձագետ Մհեր Սահակյանի հետ զրուցել ենք վիրուսի հետևանքների մասին։ Մասնագետը նախ նկատում է՝ մահվան դեպքերը քիչ չեն, բայց բուժվածների թիվը հուսադրող է։

«Ինչ խոսք, սրանից կտուժի Չինաստանը։ Ուհանը կարևոր տրանսպորտային հաբ է, հիմա քաղաքն ու նահանգը փակ են, թեև կառավարությունը հարաման էր տվել ուշ սկսել աշխատանքը, բայց այսօրվանից Չինաստանը կամաց-կամաց վերադառնում է բնականոն կյանքի», – ասում է Սահակյանն ու նկատում՝ սա միայն Չինաստանի խնդիրը չէ, այլ ամբողջ աշխարհի։

Հիշեցնենք, որ վիրուսն առայժմ բուժման հստակ մեթոդ չունի, անհրաժեշտ հակավիրուսն էլ դեռ մշակված չէ, մինչդեռ միջազգային լրատվամիջոցները հայտնում են, որ արդեն 27 երկրում կորոնավիրուսով վարակված քաղաքացիներ կան։

«Չինաստանը մի մեծ արտադրամաս է։ Այս երկրում են արտադրվում այֆոնը և այլ ապրանքներ, որոնք ամբողջ աշխարհն է օգտագործում։ Այս երկրում արտադրության վրա խոշոր ներդրումներ են արվում։ Տրամաբանական է, որ այս իրավիճակում տնտեսվարողն ու ներդրողը պետք է մեծ կորուստներ կրեն։ Օրինակ, Ճապոնիան վերջերս դադարեցրեց Նիսսան գործարանի մասնաճյուղի աշխատանքը», – Մհեր Սահակյանը նկատում է նաև, որ վիրուսը բռնկվեց ամենաակտիվ տուրիստական շրջանում, երբ չինացիներն իրենց Ամանորի առիթով մեկնում էին աշխարհի տարբեր ծեգեր։

Share