Բաժին. Տնտեսական

Շուշանիկ Ներսիսյան. Նախկինում ռենտգեն սարքավորումներով զննման էր ենթարկվում ՀՀ մտնող բեռնատարների 99%-ը, այժմ՝ 38%-ը

ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփել է մաքսային ոլորտում 2019 թվականին կատարված աշխատանքները և ներկայացրել 2020թ. առաջնահերթությունները: 2019 թվականին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից պետբյուջե ապահովված մաքսային մուտքերի մասով 22.2% աճ է գրանցվել: Տարվա ընթացքում Հայաստանը ԵԱՏՄ միասնական բյուջեից ստացել է 75 մլրդ 369 մլն դրամ, իսկ ՀՀ-ից միության միասնական բյուջե փոխանցվել է 63 մլրդ 422 մլն դրամ:

2019թ. Հայաստան է ներմուծվել 194%-ով ավելի մեքենա, քան 2018թ.-ին (2018թ.` 64 082, 2019թ.` 189 018): Ի դեպ, միայն դեկտեմբերին ձևակերպվել է 33 428 մարդատար ավտոմեքենա, արձանագրվել է նաև գանձումների բարձր մակարդակ՝ 16 մլրդ 362 մլն դրամ: ՊԵԿ պաշտոնական կայքում ներդրվել է ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող տրանսպորտային միջոցների մաքսային վճարները նոր դրույքաչափերով հաշվարկելու էլեկտրոնային հաշվիչ:
ՊԵԿ նախագահի տեղակալը հայտնել է, որ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները վերջին տարիներին զգալիորեն ավելացել են: Եթե 2014-2017թթ. նրանց թիվը 5000-ի սահմանում էր, ապա 2019թ. անցել է 12 000-ը: 2018թ. համեմատ 54%-ով աճել է մաքսային ձևակերպումների թիվը: Ընդ որում, մաքսային ձևակերպումներն իրականացվում են մաքսային մարմնի կողմից անվճար:

ՊԵԿ նախագահի տեղակալն ընդգծել է, որ ազատականացվել և ավելի մրցակցային է դարձել մաքսային միջնորդական ծառայությունների մատուցման ոլորտը: Ընդհանուր առմամբ, 2018-ի ապրիլից կրկնակի ավելացել են ոլորտի ընկերությունները: ՊԵԿ-ը մաքսային միջնորդների համար անվճար դասընթացներ է կազմակերպել, մասնավորապես` ավտոմեքենաների համար նախնական մաքսային հայտարարագիր ներկայացնելու վերաբերյալ:
Շուշանիկ Ներսիսյանը տեղեկացրել է, որ մաքսային հսկողության գործընթացում ռիսկերի կառավարման համակարգի գործարկման շնորհիվ 2018թ.-ի համեմատ 10%-ով նվազել է «կարմիր ուղի» ընթացակարգով զննության ենթարկված ներմուծված բեռների քանակը: Հետագայում էլեկտրոնային համակարգի ամբողջական ներդրման արդյունքում հնարավոր կլինի ապրանքների և տրանսպորտային միջոցների ավտոմատ բացթողում իրականացնել սահմանին` առանց մաքսային մարմիններ այցելելու: Էապես կրճատվել է սահմանահատման գործընթացը: Նախկինում ռենտգեն սարքավորումներով զննման էր ենթարկվում ՀՀ մտնող բեռնատարների 99%-ը, այժմ՝ 38%-ը: Մաքսային ծառայությունում կատարվել են կառուցվածքային փոփոխություններ, որոնք ուղղված են եղել աշխատանքի արդյունավետ կազմակերպմանն ու ռեսուրսների տնտեսմանը:

ՊԵԿ նախագահի տեղակալն անդրադարձել է Հարավային մաքսատուն-վարչության «Մեղրի» մաքսակետի արդիականացմանը, որը նախատեսված է ավարտել 2024 թվականին: Այսօր երրորդ երկրներից ցամաքային ճանապարհով Հայաստան ներմուծում իրականացնող բեռնատարների միջինում 18%-ը սահմանը հատում է Մեղրիի մաքսակետով, ուստի հարավային սահմանի արդիականացումն անհրաժեշտություն է:

Շուշանիկ Ներսիսյանը, խոսելով մաքսային հսկողության և ձևակերպումների օպտիմալացման քայլերից, տեղեկացրել է, որ հնարավորություն է ստեղծվել առցանց ռեժիմով հսկելու տարանցիկ բեռներ փոխադրող ավտոմեքենաների շարժը: Ամբողջությամբ վերանայվել է կողմնորոշիչ արժեքների բազան, որը շուկայական գներին համահունչ արագ թարմացվում է:

Տարածքային համաչափ զարգացման ծրագրի շրջանակում ՊԵԿ-ը ձեռնամուխ է եղել  Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնների կառուցմանը: Մասնավորապես` Գյումրիում 2019թ.-ից գործում է Հյուսիսային ԱՏԳ սպասարկման կենտրոնի ավտոմեքենաների ձևակերպումներ իրականցնող ստորաբաժանումը: Նախատեսվում է 2020թ. Հյուսիսային ԱՏԳ սպասարկման կենտրոնում փուլային եղանակով կազմակերպել նաև հյուսիսային սահմանով իրականացվող արտահանման և ներմուծման մաքսային գործառնությունները:

Անդրադառնալով մաքսային ծառայության տեսլականին` Շուշանիկ Ներսիսյանն առանձնացրել է նախնական հայտարարագրման ինստիտուտի ներդրման կարևորությունը, ինչպես նաև փաստաթղթերը տարբեր գերատեսչություններից «մեկ պատուհան» սկզբունքով քաղաքացիներին տրամադրելու հնարավորությունը:

Share