Բաժին. Տնտեսական

Կայուն զարգացման լուրջ նախադրյալներ.փորձագետն անդրադարձել է ՀՀ-ի 2019-ի տնտեսական ձեռքբերումներին

Քաղաքական բուռն գործընթացներով հագեցած տարվանից հետո Հայաստանում 2019 թվականի ՀՆԱ աճը ռեկորդային է գնահատում քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը: Նա, «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում խոսելով տնտեսական աճի 7.6 տոկոս և տնտեսական ակտիվության ինդեքսի 7.8 տոկոս ցուցանիշների մասին, նշեց, որ Հայաստանի տնտեսության մեջ 2019 թվականին բացի գյուղատնտեսությունից, մյուս բոլոր առաջնային ճյուղերն ապրել են էական զարգացում: 2018 թվականի համեմատ արդյունաբերությունը 2019 թվականին 2 անգամ աճ է արձանագրել: Մոտ 4.5 տոկոս աճ է գրանցվել շինարարության ոլորտում, որն, ըստ վերլուծաբանի տպավորիչ է և խոսում է զարգացման տեմպերի մասին:

«Մեկ այլ հետաքրքիր ցուցանիշ. ավանդները մեր բանկերում ավելացել են 22.4 տոկոսով: Լավ է, որ այդ ավանդներն արտաքին տրասֆերտների և ներսում վաստակած գումարների հաշվին էապես մեծացել են՝ կազմելով 6 մլրդ դոլարին համարժեք գումար: Մյուս կողմից էլ դա խնդիր է, որովհետև ավանդատուները չեն գտնում ձևեր իրենց ավանդները որպես ներդրում կազմակերպելու համար, որպեսզի ստանան ավելի բարձր եկամուտներ: Սա խնդիր է, որի մասին պետք է մտածի պետությունը»,-ասաց Արամ Սաֆարյանը:

Հայաստանում վարչարարության կատարելագործման հաշվին զարգացում է ապրել հարկերի հավաքագրման գործընթացը, միայն դրա հաշվին պետությունը 1 մլրդ դոլար լեգալացրել է: Այդ գումարի կեսը հատկացվել է գործարարներին պետության պարտքը վերադարձնելուն: Արամ Սաֆարյանի կարծիքով, սա խոսում է պետություն- գործարար հանրույթ ավելի առողջ փոխհարաբերության մասին: Քաղաքական վերլուծաբանը կարևոր քայլերից առանձնացրեց ուսուցիչների, բժիշկների, զինվորակաների աշխատավարձների բարձրացումը, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի բարձրացումը: Նա նկատեց, որ պետությունը վերջին տասնամյակում առաջին անգամ վարկ չի վերցնելու բյուջեի դեֆիցիտը փակելու համար, դա անելու է իր ներքին ռեսուրսների հաշվին:

«Սրանք առողջացման միտումներ են, որոնք գալիս են ասելու, որ եթե ոլորտները շարունակական զարգացման հնարավորություն ստանան, ապա կարող են դառնալ կայուն զարգացման լուրջ նախապայմաններ»,-ասաց նա:

Share