Բաժին. Տնտեսական

Կնքվել է գյուղատնտեսության ապահովագրության 453 պայմանագիր

Հայաստանում «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագրով մարտի 11-ի դրությամբ կնքվել է 453 պայմանագիր: Ծիրանի, խաղողի, դեղձի, խնձորի կարկուտ և հրդեհ ռիսկերից ապահովագրության վերջնաժամկետները մոտենում են: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:

«Շարունակվում է Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակներում ապահովագրվում են ծիրանի և խաղողի այգիները, ինչպես նաև 2020 թվականի փետրվարի 5-ից՝ դեղձի, խնձորի այգիները և հացահատիկային մշակաբույսերի (աշնանացան/գարնանացան ցորեն և գարի) ցանքատարածությունները:

Քանի որ ցրտահարության ռիսկի ժամկետը սպառվել է, շարունակում է ապահովագրությունը ևս 2 ռիսկերից` կարկուտ և հրդեհ»,-ասաց Օհանյանը:

Նա նշեց` 2020 թվականի մարտի 11-ի  դրությամբ օպերատիվ տվյալներով կնքվել է 453 պայմանագիր, որից շուրջ 60 %-ը կազմում են համակցված ռիսկերով պայմանագրերը:

Կարկուտ և հրդեհ ռիսկից ծիրանի և խաղողի ապահովագրությունը ընդգրկում է 6 մարզ՝ Արմավիր, Արարատ, Արագածոտն, Տավուշ, Կոտայք, Վայոց Ձոր, իսկ դեղձի, խնձորի և հացահատիկային մշակաբույսերի (աշնանացան/գարնանացան ցորեն և գարի) ապահովագրությունը՝ ՀՀ բոլոր մարզերը։

Նա հիշեցրեց, որ ծրագրի շրջանակներում իրականացվում է ապահովագրավճարի առնվազն 50-60 %-ի սուբսիդավորում։ Ծիրանի և խաղողի համար կարկուտ և հրդեհ ռիսկի վերջնաժամկետը մարտի 25-ն է, դեղձը՝ մարտի 20-ը, խնձորը՝ ապրիլի 20-ը: Իսկ հացահատիկային մշակաբույսերի համար ապահովագրության վերջնաժամկետը մայիսի 1-ն է:

Share