Բաժին. Տնտեսական

Տարոն Սիմոնյանը՝ արտակարգ դրության ընթացքում վճարվող ու չվճարվող աշխատավարձերի, կարանտինային ռեժիմի խախտման պատժաչափերի մասին

Հարկադիր պարապուրդի մատնված աշխատողները պետք է վարձատրվեն: Սա դեռ չի նշանակում, թե բոլոր գործատուներն ի վիճակի կլինեն վճարել չաշխատածի համար կամ թե բոլոր գործատուները բարեխիղճ կգտնվեն վճարել աշխատակիցներին:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հիշեցնում է՝  աշխատանքային հարաբերությունները կարգավորում է աշխատանքային օրենսգիրքը և երկկողմանի պայմանագիրը, եթե իհարկե վերջինս չի հակասում աշխատանքային օրենսգրքին:

«Նախ պետք է հասկանանք աշխատանքային պայմանագիրն այսպիսի իրավիճակում ինչ կարգավորում է ենթադրում: Եթե պայմանագրում այդպիսիք չկան, ապա հիմնվում ենք աշխատանքային օրենսգրքում առաջարկվող կարգավորման վրա», – ասում է իրավաբան-պատգամավորն ու հիշեցնում՝ աշխատանքային օրենսգրքում ասվում է, որ եթե հարկադիր պարապուրդը գործատուի պահանջով է, ապա պետք է վարձատրվի աշխատավարձի 2/3-ի չափով: Սիմոնյանը նաև նկատում է, որ կարիք կա նաև հասկանալու ֆորս-մաժորային իրավիճակ առկա է, թե ոչ:

Ի դեպ, երեկ ուշ երեկոյան էլ Օրենսդիրն արտակարգ դրության պայմաններում արտահերթ նիստ անցկացրեց: Օրակարգում արտակարգ դրության պայմաններում մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները չկատարելու դեպքում վարչական կամ քրեական պատասխանատվութնուն նախատեսելու հարցերն էին: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացնող պատգամավորը կարծում է, որ նախատեսված պատժաչափերն ուռճացված են, մինչև անգամ քաղաքացուն սպառնացող մինչև 5 տարի ազատազրկումը: Խմբակցությունն այս ուղղությամբ առաջարկությունների փաթեթ է ներկայացրել, որ կքննարկվի այսօր:

Share