Բաժին. Տնտեսական

Նիկոլ Փաշինյան. Առաջին եռամսյակի հարկերի հավաքագրման պլանը կգերակատարվի մոտ 5 մլրդ դրամով

Հայաստանում 2020-ի առաջին եռամսյակի հարկերի հավաքագրման պլանը կգերակատարվի մոտ 5 մլրդ դրամով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի հարցին, թե եռամսյակային կտրվածքով հարկային հավաքագրումների հետ կապված ինչ կանխատեսումներ կան:

«Կարող եմ ասել, որ մենք առաջին եռամսյակի հարկերի հավաքագրման պլանը, որքան էլ տարօրինակ հնչի, կգերակատարենք: Կգերակատարենք մոտ 5 մլրդ դրամով: Իսկ թե ինչ կլինի մյուս եռամսյակներում, բոլորս հասկանում ենք, որ ունենալու ենք խնդիր: Սակայն մենք ամեն ինչ պետք է անենք, որ այդ խնդիրները լինեն հնարավորինս քիչ: Նաև սա է պատճառը, որ ես ասում եմ` եկեք այդ արձակուրդների գաղափարը առանձնապես չշրջանառենք»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց` եթե բոլորը արձակուրդի մեջ լինեն, հարկային հավաքագրումները կլինեն զրո: «Իսկ դա ոչ մեկի համար չի կարող լավ լինել, այդ թվում՝ այն մարդկանց, ում համար մենք հիմա հարկային արձակուրդ ենք ակնարկում կամ ակնկալում»,-նշեց վարչապետն ու հավելեց` պետք է բոլոր հնարավոր միջոցներով խթանել, աջակցել հարկ վճարողներին, որպեսզի նրանք շարունակեն աշխատել, շահույթ, եկամուտ ունենալ և հարկ վճարել:

Share