Բաժին. Տնտեսական

Ջուլիետա Թադևոսյան. «Սև կարապներ» շատ են լինելու, պետք է գտնենք երկարաժամկետ օպտիմալ լուծումներ՝ ցանկացած ֆորս-մաժոր հաղթահարելու համար

Կորոնավիրուսի բացասական ազդեցությունները բիզնես սեկտորի վրա մեղմելու համար առաջարկվող անտոկոս վարկերի, ֆինանսատնտեսական իրավիճակի ու հեռանկարի մասին զրուցել ենք տնտեսագետ Ջուլիետա Թադևոսյանի հետ: Այն, որ կորոնավիրուսը մեծ վնաս է հասցրել ու շարունակում է հասցնել համաշխարհային տնտեսությանն, այլևս անհերքելի է:

«Խաթարվել է ամբողջ աշխարհի տնտեսությունը: Ստեղծված իրավիճակից Հայաստանը զերծ մնալ չէր կարող: Բորսայում նվազել են մետաղների գները, տուժել է տուրիզմը: Խարխլվել են տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը: Բայցց վնասն ավելի նկատելի կլինի ապագայում՝ 1-2 ամսից», – ասում է տնտեսագետն ու խուսափում ստույգ գույքագրել վնասները: Ասում է՝ դեռ վաղ է, թեև պարզ չէ նաև, թե որքան է տևելու այս վիճակը:

Ջուլիետա Թադևոսյանը նկատում է՝ բիզնեսը տուժելու է, բայց ուրախ է, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկում վնասները մեղմելու ուղղությամբ:

«Ցավոք, դեռ թյուր կարծիք կա մեր գործարարների շրջանում, թե ամեն ինչ պետք է անի պետությունը: Այս դեպքում շատ կարևոր է համագործակցությունը: Բիզնեսի արձագանքից շատ բան է կախված», – ասում է տնտեսագետը;

Մեր դիտարկմանը, թե որքանով է արդարացի գործարարից պահանջել ըստ ժամանակացույցի և ողջ ծավալով վճարել հարկերը, վարձատրել հարկադիր պարապուրդի ուղարկված աշխատակիցներին՝ ժամանակավորապես դադարեցնելով բիզնես գործունեությունը, մասնագետը պատասխանեց, որ սա իրավիճակային պահանջ է, առայժմ կարելի է ընդառաջել պահանջին, բայց եթե իրավիճակը ձգձգվի, ապա տնտեսագետը կարծում է, որ կառավարությունն այլ լուծումներ կառաջարկի:

Կարճաժամկետ իրավիճակային լուծումների հարցում, ըստ Թադևոսյանի, կարելի է գտնել ոսկե միջին, իսկ երկարաժամկետ լուծում համարում է գյուղատնտեսության ոլորտին առավելագույն ընդառաջումը:

Share