Բաժին. Տնտեսական

Ռուբեն Վարդանյանը՝ պանդեմիայի ու դրա հետևանքների մասին

Գործարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել «РБК» հեռուստաընկերությանը: Մեկնաբան Իլյա Դորոնովը մեր հայրենակցի հետ զրուցել է աշխարհում ստեղծված իրավիճակից ու հնարավոր հետևանքներից:

«Մենք քննարկում ենք կարանտինը, թեստերի արդյունքները, բայց ես կարծում եմ, որ առավել խորքային գործընթաց կա: Մենք գլոբալ ճգնաժամում ենք: Համաշխարհային վերադասավորումները միշտ իրականացվել են պատերազմների ու պանդեմիաների արդյունքում: Սրանք պատմական ցիկլեր են, միայն թե պանդեմիայի դեպքում մենք ավելի արագ ու դրամատիկ ենք անցնում այդ փուլը: Մենք հասկացանք, որ այն համակարգը, որը մեզ պետք է պաշտպաներ այսպիսի իրավիճակներից, պատրաստ չէ այս մասշտաբի իրադարձությանը», – Վարդանյանը մտաբերել է, որ 7 տասնամյակից ավել է՝ Եվրոպայում մեծ պատերազմ չի եղել: Տևական ժամանակ նույն մոդելի կիրառումը ճգնաժամի է հանգեցնում: Ըստ Վարդանյանի՝ հին մոդելը վերացնելու ու նոր կարգ սահմանելու ժամանակը հասունացել էր:

Ռուբեն Վարդանյանը կարծում է, որ ժամանակակից աշխարհի համար կորոնավիրուսը բազմաթիվ  մարտահրավերներ է սահմանել. Կորոնավիրուսը միաժամանակ այլ ճգնաժամերի է հանգեցնում՝ տնտեսական, սոցիալական, քաղաքական, մարզամշակութային, կրթական և այլն:

«Մենք սկսել ենք ձեռնոցներ ու դիմակ կրել, չբարևել իրար, որովհետև շփումը վտանգավոր է… Այս ճգնաժամը խթան է նոր ճգնաժամերի, որոնք դժվար է լինելու կանգնեցնել», – կարծում է Վարդանյանը:

Գործարարը ճգնաժամը համեեմատում է տնտեսական մեծ ճգնաժամի հետ, բայց նկատում է՝ սա հետընթաց չէ, սա պարույր է. ոչինչ առաջվա պես չի լինելու. սա ոչ թե  ժամանակի, այլ ձևի ու բովանդակության հարց է:

«Մենք նորից չենք վերադառնալու այն ժամանակներին, երբ նստում էինք վառարանի կողքին, մոմի լույսի տակ գիրք կարդում: Ոչ, այդպես չի լինելու, բայց էլի վերարժևորվելու ու կարևորվելու է ընտանիքը: Մենք չգիտենք մեր հարևանների անունները, նույնիսկ դեմքով չենք ճանաչում նրանց, մինչդեռ հիմա ունենք գոնե այդ տեղային շփման կարիքը: Այս ամենի արդյունքում մենք կստանանք գուցե փակ, բայց ապրող սոցիում», – նկատել է գործարարն ու ստեղծված իրավիճակի հնարավոր արդյունքը համեմատել սպիտակ թղթի հետ:

«Սա սպիտակ թուղթ է, բայց այստեղ էլ խնդիր կա: Վերջին 200 տարում պետության դերը՝ որպես ինստիտուտ, մեծացել է ամբողջ աշխարհում», – Վարդանի կարծիքով՝ ճգնաժամը կհանգեցնի ընտանիքի դեր մեծացմանը:

Աշխարհի համար գլխավոր խնդիրը հիմա այս «հրդեհը» մարելն ու գայատևելն է: Գործարարը կարծում է, որ էական չէ՝ 1 անձ կվարակվի, թե ավելին, եթե համակարգն ունակ չի պաշտպանել իր քաղաքացիներին:

Իսկ մեկնաբանի հարցին, թե փողը խնայելն է ճիշտ, թե շրջանառելը, հայազգի գործարարը նկատում է՝ մեծ հաշվով, երկուսն էլ:

«Կարծում եմ՝ ճիշտ է փող խնայելը նեղ օրվա համար, այդպես ավելի պատրաստ ես լինում հաղթահարել ճգնաժամը, բայց ներդրում անելն էլ է ճիշտ»:

Վերջում գործարարը նկատում է՝ որպես հայ, ով կյանքում հաղթահարել է պատերազմը, մութ ու ցուրտ տարիներ է ապրել, տանը միշտ ունի պարենային պաշար ու լամպ:

«Երբ այս աժիոտաժը սկսվեց, կինս ասաց՝ վերջապես իզուր չեն քո գնումներն ու պահուստները»:

Share