Բաժին. Տնտեսական

Գյուղատնտեսության աջակցության ծրագրերից օգտվելու կարգը

Հայաստանում գյուղացիական տնտսությունները կառավրության կողմից առաջարկված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակում գյուղատնտեսության աջակցության ծրագրերից կարող են օգտվել երկու տարբերակով՝ կամ վարկավորմամբ, կամ փոխհատուցում ստանալով:

Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջորյանը:

Փոխնախարարը հիշեցրեց, որ առաջարկվող բոլոր ծրագրերի համար սահմանվել է 0 տոկոս տոկոսադրույք, արտոնյալ ժամկետ՝ 3-12 ամիս, իսկ ինտենսիվ այգիների դեպքում՝ մինչև 5 տարի արտոնյալ ժամկետ: Արտոնյալ ժամկետում վարկի մարում չի արվում:

«Առաջարկվող ծրագրերը երկու տարբերակով են՝ վարկավորում, փոխհատուցման բաղադրիչ: Քաղաքացին վարկի տարբերակից օգտվելու համար պետք է դիմի ֆինանսական կառույց: Այնուհետև ֆինանսական կառույցը հավանական վարկառուների ցուցակը ներկայացնում է կառավարությանը, նախարարությունն այդ դիմողներին խմբավորում է ըստ թեմաների, նրանց համար կազմակերպում դասընթացեր: Կորոնավիրուսով պայմանավորված՝ այդ դասընթացներն այս պահին կազմակերպվում են հեռակա: Դասընթացին ավարտին տրվում է հավաստագիր: Այդ հավաստագիրը պետք է ներկայացվի ֆինանսական կառույց, այնուետև յուրքանչյուր ֆինանսական կառույց ինքն է կատարում վարկունակության գնահատումը, որոշում վարկը տրամադրել, թե ոչ»,-ասաց փոխնախարարը:

Առաջարկվում է նաև փոխհատուցման տարբերակ: Օրինակ՝ ջերմոցային տնտեսությունների, խելացի անասնաշենքների կառուցման, ինտենսիվ այգիների հիմնման, ոռոգման համակարգերի ներդրման համար առաջարկվում են փոխհատուցման տարբերակներ: Յուրքանչյուրի համար սահմանված են տարբեր տոկոսներ: «Օրինակ՝ խելացի անասնաշենքների առաջին մոդելի կառուցման համար պահանջվող 11 մլն դրամից 5,5 մլն դրամը փոխհատուցում ենք մենք: Այս դեպքում պետք է դիմել նախարարություն: Օրինակ՝ տնտեսավարողը ջերմատուն կառուցելու համար պետք է դիմի նախարարություն, ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ և հողի, իր անշարժ գույքի սեփականության վկայականի պատճենը:  Այդ պատճեններն այս պահին կարող են ուղարկվել secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեին: Նախարարությունը դիտարկում է, այցելություն կատարում և տեղազննությունից հետո 5­օրյա ժամկետում կայացնում որոշում»,-ասաց նա:

Խոջոյանը նկատեց՝ ջերմատների կառուցման համար ուսուցման բաղադրիչը կարևոր է: Բոլոր այն մարդիկ, որոնք կցանկանան օգտվել փոխհատուցման բաղադրիչից, պետք է անցնեն 5-օրյա դասընթաց: Դրանից հետո նրանք ստանում են հավաստագիր:

Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման մի շարք միջոցառումներ:

Հայաստանում ապրիլի 1-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 571 է, արձանագրվել է մահվան 3 դեպք: Թեստերից 2704-ը բացասական արդյունք է տվել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 537 պացիենտ: Հայաստանում ապրիլի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 31 քաղաքացի:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Share