Բաժին. Տնտեսական

Առաջարկվում է տնտեսության ու վարորդների հաշվին մի փոքր մեղմել տնային տնտեսությունների ֆինանսական ծախսերը

Ռուսաստանը ՉԻ ԿԱՐՈՂ բարձրացնել գազի գինը հայաստանյան սպառողների համար: Տարիներով այս սխալ ընկալումը տարածվում է մեր հասարակության մեջ, ու հույսս, որ մի օր այն կբախվի տարրական լրագրողական, հասարակական, սպառողական գրագիտությանը, չի արդարանում:

1. Ռուսաստանը կարող է բարձրացնել գազի գինը ՄԻԱՅՆ Հայաստանի Հանրապետության համար (այն էլ բանակցությունների արդյունքում): Այսինքն «Գազպրոմ Արմենիա» ընկերության համար:

2. Իր հերթին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը կարող է գնի փոփոխություն միայն ԱՌԱՋԱՐԿԵԼ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:

3. Գազի գինը հայաստանյան սպառողների համար կարող է բարձրացնել կամ իջեցնել ՄԻԱՅՆ ՀՀ կառավարությունը, ի դեմս համապատասխան հանձնաժողովի:

4. ՀՀ կառավարությանը գազի գնի բարձրացումը սպառողների համար մի կողմից ՁԵՌՆՏՈՒ Է, քանի որ դա բերում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից պետական բյուջե մուծվող եկամտահարկի և ԱԱՀ (ըստ էության, ԱԱՀ-ն՝ սպառողների կողմից) ավելացմանը, իսկ երկարաժամկետ առումով ՁԵՌՆՏՈՒ ՉԷ, քանի որ զսպում է տնտեսության աճը: Քաղաքական առումով գնի բարձրացումը բերում է տնտեսական ու սոցիալական դժգոհությանը գործող իշխանություններից:

5. Ներկա փաթեթով «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որը հայաստանի ռեզիդենտ-հարկատու ընկերություն է, այլ ոչ թե ռուսական, առաջարկում է՝

ա) 36 տոկոսով բարձրացնել Փարոսի շահառուների համար մինջև 200 խ/մ գինը, ինչը չնչին ծավալ է կազմում ընդանուր սպառման մեջ: Դա ավելի քան տրամաբանական է, քանի որ մասնավոր ընկերությունը չգիտես ինչու իր վրա է վերցրել սոցիալական պարտավորություն, ինչը պետության գործն է՝ հավաքագրել հարկեր և արդար բաշխել հասարակության տարբեր շերտերի միջև: Հիմա նենց է ստացվում, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պետբյուջե չմուծած եկամտահարկի և ԱԱՀ-ի հաշվին բարեգործությամբ է զբաղված:

բ) աննշան իջեցնել գինը սպառողների ամենամեծ խմբի համար՝ ամսեկան մինչև 10 հազար խ/մ սպառողների, այսինքն, բոլոր տնային տնտեսությունների ու փոքր և միջին բիզնեսի համար:

գ)շատ ծանր է լինելու եթե հանձնաժողովը համաձայնվի բարձրացնել սակագինը խոշոր սպառողների՝ 10 հազար խ/մ և ավել: Առաջարկվում է նրանց համար մոտ 20 տոկոսով ավելացում (բացի ՋԵԿ-երից): Այդ դեպքում մեր տնտեսության մի շարք ոլորտներ լուրջ հարվածի տակ են հայտնվելու՝ «ԱրմենԱլ», ձուլարաններ, մեծ հացի փռեր, ջերմոցային տնտեսություններ, գազալցակայաններ և այլն:

Ընդանուր առմամբ առաջարկվում է տնտեսության ու վարորդների հաշվին մի փոքր մեղմել տնային տնտեսությունների ֆինանսական ծախսերը, ինչը ես համարում եմ անթույլատրելի: Հանձնաժողովը, այսինքն Կառավարությունը, այս ընթացիկ տնտեսական շոկի պայմաններում պետք է զերծ մնա տնտեսվարողների համար գազի գինը բարձրացնելուց:

Ռուբեն Գրձելյան՝ տնտեսական մեկնաբան

Share