Բաժին. Տնտեսական

Ես հրաժարվում եմ տաքուկ տեղ գտած, անհաղորդ խորհուրդներով «խորհրդականի» անպիտան կարգավիճակից. Հակոբ Ճաղարյան

«Ես հրաժարվում եմ տաքուկ տեղ գտած, անհաղորդ խորհուրդներով «խորհրդականի» անպիտան կարգավիճակից», – հենց այս խոսքերով է ամփոփում իր ֆեյսբուքյան գրառումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արդեն նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:

Վերջինիս գրառումից պարզ է դառնում, որ հրաժարականի պատճառը քաղավիացիայի ներկայիս վիճակն է: Հրաժարականը Ճաղարյանը մեկնաբանում է հետևյալ կերպ.

«Աշխատանքից ազատվելու իմ որոշման հիմքերը հանդիսանում են Քաղաքացիական Ավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումները:

Նախորդ Շաբաթ օրը` Ապրիլի 4-ին ես վարչապետին գրելեմ իմ վերջին զեկույցը, որտեղ հերթական և վերջին անգամ բացատրել եմ`

– հայկական քաղավիացիայի ԻՐԱԿԱՆ իրավիճակը, առանց ստերի և իրականության աղավաղման;

– հերթական անգամ պարզաբանել եմ այս վիճակում հայտնվելու իրական պատճառները;

– և նշել եմ այս ճգնաժամից դուրս գալու ուղիները

Զեկույցում առաջարկել եմ թույլ տալ վերջապես գրագետ, կազմակերպված, և երկիրն ու ոլորտը սիրող, անվարձահատույց աշխատանքի պատրաստ, իրական մասնագետների թիմի հետ լծվել իրավիճակի շտկմանը:

Հակառակ դեպքում ընդունել իմ հրաժարականը»:

Ճաղարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ապրիլի 6-ին, իսկ այսօր մամուլից է տեղեկացել, որ դիմումն ընդունված է, միայն թե Հակոբ Ճաղարյանի համար անհասկանալի է՝ ինչու է այն հիմնավորվել «օրենսդրության ոչինչ չասող հոդվածով: Երբ կարելի էր ընդամենը գրել` «սեփական դիմումի համաձայն»»:

Հիշեցնենք, որ օրերս պարզվեց, որ 2 ավիաընկերություն զրկվել են դեպի Եվրոպա թռիչներ իրականացնելու լիցենզիայից: Այս խնդրին վարչապետ Փաշինյանն անդրադարձավ վերջին հարց-պատասխան ձևաչափով ուղիղ եթերում՝ քաղավիացիայի ոլորտի խնդիրների մեղքը գցելով ոլորտի պաշտոնյաների վրա, որոնք, ըստ վարչապետի, թաքցրել են ոլորտում առկա խնդիրները ոլորտի պատասխանատուն հանդիսացող Տաթևիկ Ռևազյանից և կառավարությունից: Վարչապետի արձագանքը քաղավիացիայի կոմիտեի շուրջ ծագած աղմուկին, ներկայացնում ենք ստորև.

«Այո՛, այդ ոլորտում ունենք պրոբլեմներ, մեր ավիաընկերությունները զրկվել են Եվրոպա չվերթներ կատարելու իրավունքից, բայց շահարկողներն իզուր են շահարկում: Այ, պետական մարմինների սաբոտաժի մասին որ խոսում էի, սա այդ դեպքերից մեկն է: Քաղավիացիայի կոմիտեի գործունեության մասին ես Կապանի ասուլիսում խոսել եմ, պաշտոնյաների մասին, ում նկատմամբ քրգործ է հարուցվել, նրանց հանցավոր անփութության մասին: Երկար տարիներ հայաստանյան գրանցումով ինքնաթիռներ աֆրիկյան երկրներում զբաղված են եղել ապօրինի գործունեությամբ, ներգրավված են եղել զենքերի վաճառքի մեջ: Այս փաստերը, որոնց հետ կապված ահազանգեր են եղել, ես Կապանի ասուլիսում անդրադարձա, դրանք նաև քաղավիացիայի պաշտոնյաների կողմից թաքցվել են Տաթևիկ Ռևազյանից ու կառավարությունից, և այս ամենի արդյունքում ունեցել ենք այս պատմությունը»:

Share