Բաժին. Տնտեսական

ՊԱՐՏՔԱՅԻՆ «ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՄԲ» ԵՐԿՐՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ 55-ՐԴՆ Է

Աշխարհի երկրների ընդհանուր կտրվածքով պետական պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցության միջին ցուցանիշը 2010 թվականի արդյունքներով կազմել է 47%` նախորդ տարի արձանագրված 45%-ի դիմաց: Ինչպես պարզել են վերլուծաբանները` ուսումնասիրելով և համադրելով առանձին երկրների պարտքային բեռի վերաբերյալ Արժույթի Միջազգային Հիմնադրամի կողմից հրապարակված ամփոփ տվյալները` ներկայումս Երկիր մոլորակի յուրաքանչյուր բնակչին բաժին է ընկնում շուրջ 11 հազար ԱՄՆ դոլարի պետական պարտք: Ըստ առանձին երկրների պարտքային ծանրաբեռնվածության վարկանիշի` պետական պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցության առավել բարձր ցուցանիշ գրանցվել է աշխարհի առավել զարգացած երկրներում: Ընդհանուր առմամբ, պետական պարտքի առավել մեծ ծանրաբեռնվածությամբ երկրների վարկանիշում ընդգրկվել են երկրներ, որոնք ապահովում են համաշխարհային ՀՆԱ-ի ավելի քան 95%-ը: 

Համաձայն ուսումնասիրության արդյունքների` պետական պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Ճապոնիայում` 220.3%: Այնուհետև գալիս են Հունաստանը (142.0%) և Իտալիան (119%): Պետական պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցության ցուցանիշով Հայաստանն այս վարկանիշում 55-րդն է (39.4%): Նշենք նաև, որ Վրաստանը 57-րդն է (39.1%), իսկ Ադրբեջանը` 89-րդը (10.8%): 

 

Միևնույն ժամանակ, ըստ հաշվարկների, Ճապոնիայի յուրաքանչյուր բնակչին բաժին է ընկնում երկրի պետական պարտքից 100 հազար դոլար: Այս ցուցանիշը շուրջ 2 անգամ գերազանցում է պետական պարտքի առավել մեծ ծանրաբեռնվածությամբ երկրների վարկանիշում առաջին հորիզոնականը զբաղեցնող Ճապոնիային հաջորդող երկրում` Սինգապուրում, գրանցված մակարդակը (47 հազար դոլար): Մեկ բնակչին բաժին ընկող պետական պարտքի ցուցանիշով աշխարհի երկրների վարկանիշի առաջին եռյակը եզրափակում է Նորվեգիան (46 հազար դոլար): Այս ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է 67-րդ հորիզոնականը: Մեր երկրում յուրաքանչյուր բնակչին բաժին է ընկնում 1.1 հազար դոլարի պետական պարտք:

 

Share