Բաժին. Տնտեսական

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ««ՏՈՍՊ» ՏՐԻԿՈՏԱԺԻ ՖԱԲՐԻԿԱ» ԵՎ «ՆՅՈՒՊԼԱՍՏ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ` հունիսի 20-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այցելեց ««Տոսպ» տրիկոտաժի ֆաբրիկա» բաց բաժնետիրական և «Նյուպլաստ» փակ բաժնետիրական ընկերություններ:

Նշենք, որ ««Տոսպ» տրիկոտաժի ֆաբրիկա» ընկերությունը Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտի առաջատար ընկերություններից է: Այն իրականացնում է մանկական հագուստի, շապիկների, ներքնազգեստի և համազգեստի արտադրություն: Նախարարն իր այցի շրջանակներում շրջեց այս ձեռնարկության տարածքով և ծանոթացավ ընկերության արտադրական հնարավորություններին և գործընթացներին: «Թեթև արդյունաբերության ոլորտն այն ոլորտներից է, որ լայն մրցակցային դաշտ ունի, իսկ իրացման միջազգային շուկա գտնելը բավականին բարդ է»,- ասաց Տիգրան Դավթյանը` հավելելով, որ ««Տոսպ» տրիկոտաժի ֆաբրիկա» ընկերությունը կարողանում է ապահովել արտադրություն, իրացնել այն ներքին շուկայում և արտահանել, իսկ դա խոսում է ապրանքի մրցունակության մասին:

Խոսելով Հայաստանի տնտեսության ոլորտային առանձնահատկություններից` էկոնոմիկայի նախարարն ընդգծեց, որ Հայաստանի տնտեսությունը բավականին բազմաճյուղ է, սակայն յուրաքանչյուրն ունի զարգացվածության տարբեր մակարդակ: Նա նշեց, որ տեղական արտադրողին օժանդակելու համար պետության կողմից օգտագործվող աջակցության գործիքները տարբեր են: «Կարևոր է հասկանալ յուրաքանչյուր ոլորտի առանձնահատկությունը`ավելի ուղղորդված արձագանքելու և ընտրական մոտեցումներ ցուցաբերելու համար»,- հավելեց Տիգրան Դավթյանը:

Այնուհետև նախարարը եղավ  «Նյուպլաստ» ընկերությունում: Նշենք, որ  Նյուպլաստ» ընկերությունը 2007 թվականից իրականացնում է պլաստմասե և մետաղապլաստեխողովակների և կցամասերի արտադրություն: «Ակնհայտ է, որ ձեռնարկության թե” բիզնեսի կազմակերպումը և թե” արտադրանքի որակը համապատասխանում են միջազգային չափանիշներին: Ուրախալի է, որ ընկերության արտադրանքն իրացվում է ներքին շուկայում, ինչպես նաև արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն և Վրաստան», – ընկերության արտադրական տարածքում շրջելուց հետո իր տպավորություններով լրագրողների հետ կիսվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարը:

Share