Բաժին. Տնտեսական

ՕԳՈՍՏՈՍԻՆ ՀՀ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 0.6% ԳՆԱՆԿՈՒՄ

2011թ. օգոստոսին հուլիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գրանցվել է 0.6% գնանկում, այդ թվում, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նվազել են 1.0%-ով, ոչ պարենային ապրանքներինը`0.1%-ով, իսկ ծառայությունների ոլորտում արձանագրվել է սակագների 0.1% հավելաճ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից` 2011թ. օգոստոսին 2010թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 99.8%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 97.9%, ոչ պարենային ապրանքներինը՝ 101.9%, ծառայությունների սակագներինը՝ 102.2%: 2011թ. հունվար-օգոստոսին արձանագրվել է սպառողական գների միջին ամսական նվազում 0.03%-ով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 0.6% հավելաճի դիմաց:
Միևնույն ժամանակ, ընթացիկ տարվա օգոստոսին 2010թ. օգոստոսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 104.8%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 106.9%, ոչ պարենային ապրանքներինը` 103.0%, ծառայությունների սակագներինը` 102.1%, իսկ հունվար-օգոստոսին 2010թ. հունվար-օգոստոսի համեմատ` համապատասխանաբար 108.8%, 113.2, 103.1 և 104.3%:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2011թ. օգոստոսին հուլիսի համեմատ գրանցվել է սպառողական գների 1.4-0.1% գնանկում, ընդ որում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Մարտունիում: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.6%-ով:
Share