Տնտեսական | 17:04 02/06/11

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՈՒՇԱԳԻՐ

Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ԱՄՆ պետական դեպարտամենտի միջև այսօր ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր` Հայաստանի Հանրապետության ավանդական և ոչ-ավանդական էներգետիկ ռեսուրսների գնահատման և բնութագրման  բնագավառում համագործակցության վերաբերյալ:

Հուշագիրը ստորագրեցին Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը:

Փոխըմբռնման հուշագիրը հնարավորություն կտա Կողմերին համագործակցել և տեխնիկական ուսումնասիրություններ կատարել Հայաստանի Հանրապետությունում ավանդական և ոչ-ավանդական էներգետիկ ռեսուրսների արտադրական հզորությունների, տնտեսական վերլուծության, ռիսկերի, շահույթների և ներդրումների ներուժի վերաբերյալ,  մշակել այսօրվա պահանջներին համահունչ ներդրումային նախագծեր, որոնցում նախատեսված կլինի լավագույն տեխնոլոգիաների օգտագործումը, և որոնք անվնաս կլինեն շրջակա միջավայրի համար:

Հուշագրի նպատակն է  Հայաստանի Հանրապետության ավանդական և ոչ-ավանդական էներգետիկ ռեսուրսների գնահատման, հետախուզման, կայուն զարգացման և բնութագրման  համար գիտելիքների և փորձաքննության փոխանակումը:

ԱՄՆ-ը  մեծ փորձ ունի ավանդական և ոչ-ավանդական էներգետիկայի զարգացման  բնագավառում:  ԱՄՆ-ի օժանդակությամբ մի շարք երկրներում կատարվել են երկրաբանաֆիզիկաքիմիական հետազոտություններ` պարզելու համար այրվող թերթաքարերի պաշարները և նրանց ֆիզիկաքիմիական հատկությունները: ԱՄՆ-ի օժանդակությամբ ներդրվել են այրվող թերթաքարերից գազի և յուղի ստացման տեխնոլոգիաներ, մասնավորապես` Չինաստանում կառուցվել է 120 ՄՎտ հզորության ջերմային էլեկտրակայան, որն աշխատում է միայն թերթաքարային գազով:

2010 թվականի օգոստոսի 23-ից 25-ը ԱՄՆ-ի պետդեպարտամենտում կայացել է այրվող թերթաքարերից գազի և յուղի ստացմանը նվիրված համաժողով, որին մասնակցել են նաև ՀՀ ԷԲՊՆ ներկայացուցիչները: Միջոցառման կազմակերպիչների կողմից  համաժողովին հրավիրել են այն  երկրները, որտեղ բնական գազի պաշարներ չկան: Այդ երկրների թվում  են եղել Հայաստանի Հանրապետությունը, Լատվիան, Էստոնիան, Ուկրաինան, Վրաստանը, Ինդոնեզիան, Բուլղարիան, Չիլին, Ուրուգվայը, Չինաստանը, Հնդկաստանը, Սուդանը, Լեհաստանը, Կոլումբիան, Պակիստանը, Պերուն, Հարաաֆրիկյան Հանրապետությունը և Ռումինիան: Կազմակերպիչների կողմից համաժողովին մասնակցող երկրներին առաջարկվել է դրամաշնորհային ծրագրերի իրականացում իրենց երկրներում  այրվող թերթաքարերի քանակությունների և նրանց որակական ցուցանիշների ուսումնասիրման նպատակով, նշվել է ԱՄՆ-ի կազմակերպությունների և պետության պատրաստակամությունը այդ երկրներում ներդրումներ կատարելու վերաբերյալ:

Համաժողովի ընթացքում  հայկական պատվիրակության  կողմից կարճ տեղեկատվություն է ներկայացվել մեր երկրում այրվող թերթաքարերի և ընդհանրապես էներգետիկայի բնագավառի` գոյություն ունեցող հզորությունների, ծրագրային խնդիրների և այլնի մասին: Հայաստանի Հանրապետությունում առկա են մի շարք այրվող թերթաքարերի հանքավայրեր, որից կարելի է կորզել ինչպես գազային վառելիք, այնպես էլ թերթաքարային յուղ` ինչն  իր հատկություններով շատ մոտ է հում նավթին և այն կարող է հանդիսանալ քիմիական նյութերի ստացման հումք: