Բաժին. Տնտեսական

ՀՀ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 50%-Ը ԲԱԺԻՆ Է ԸՆԿՆՈՒՄ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻՆ

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2011 թվականի առաջին հինգ ամիսների արդյունքներով ՀՀ արտահանման ծավալների 50.1%-ը (242109.4 հազար դոլար) բաժին է ընկել Երևան քաղաքին: Ընդ որում, ըստ մարզերի և Երևան քաղաքի ՀՀ արտաքին առևտրի բաշխվածության ուսումնասիրությունը վկայում է, որ տարիների ընթացքում այս ուղղությամբ ձևավորված միտումները շարունակում են պահպանվել:

Այսպես, արտահանման տեսանկյունից որոշակի ակտիվություն շարունակում են ցուցաբերել «հանքարդյունաբերական» մարզերը: Մասնավորապես, 2011 թվականի հունվար-մայիս ամիսների արդյունքներով Սյունիքի մարզին բաժին է ընկել ՀՀ արտահանման ծավալների 23.4%-ը (113238.7 հազար դոլար), իսկ Լոռու մարզին` 12.8%-ը (61778.9  հազար դոլար):

Միևնույն ժամանակ, Կոտայքի մարզին բաժին է ընկել ՀՀ արտահանման 9.0%-ը (43450.9  հազար դոլար), մինչդեռ մյուս մարզերի մոտ այս ցուցանիշը չի գերազանցում 2.5%-ը:

Նշենք, որ այս ցուցանիշները հաշվարկված են ըստ բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների` առանց ֆիզիկական անձանց կողմից կատարված առևտրի ծավալների:

Share