Բաժին. Ֆինանսական

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-Ի ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Է ԸՆՏՐՎԵԼ ՍԱՐԻԲԵԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

Այսօր տեղի է ունեցել «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ տարեկան ժողովը: Բանկի Խորհրդի նախագահ է ընտրվել Սարիբեկ Սուքիասյանը:

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն, շնորհիվ կորպորատիվ կառավարման, ներքին հսկողության համակարգի բարձր մակարդակի և ռիսկերի կառավարման օպտիմալ ռազմավարության ընտրության, հաջողությամբ կատարեց իր առջև դրված ռազմավարական խնդիրները, ինչը համաշխարհային ֆինանսական շուկաներում տեղի ունեցող զարգացումների պայմաններում բանկի գործունեության կարևորագույն գնահատական է:

2012թ. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ համար նշանավորվեց կարևոր ձեռքբերումներով, որակական դրական տեղաշարժերով և միջազգային ֆինանսավարկային կառույցների հետ համագործակցության խորացմամբ և ընդլայնմամբ:

2012թ.-ին բանկի զարգացման առանցքային ցուցանիշները 2011թ.-ի նկատմամբ, միջինով աճել են.

Ընդամենը ակտիվներ – 8.0%-ով, Վարկային ներդրումներ – 4.5%-ով, Ժամկետային ավանդներ – 20.8%-ով, Ցպահանջ ավանդներ – 8.8%-ով, Ընդհանուր կապիտալ –  -2.0%-ով, Հաճախորդներ – 2.2%-ով:

Հաշվետու տարում Բանկը ներդրել է հետևյալ նոր ծառայությունները. ֆիզիկական անձանց «Ուսանողական» և «Այլ անձանց երաշխավորությամբ» վարկերի, միջազգային վճարահաշվարկային համակարգերով գումարներ ստացող ֆիզիկական անձանց վարկային գծերի տրամադրում, «ArCa Gold Paradox» co-branded քարտերի թողարկում, անկանխիկ ոսկու նվեր քարտերի տրամադրում: 2012թ. ի լրումն այլ վճարային համակարգերի, Բանկը միացավ նաև Avers, Unistream և Golden Money Transfer վճարային համակարգերին:

Հաշվետու տարին առավել արդյունավետ էր պլաստիկ քարտերով ծառայությունների ընդլայնման առումով: Զբաղեցնելով ԱՐՔԱ պլաստիկ քարտերի շուկայի զգալի հատվածը` տարվա ընթացքում տրվել է մոտ 25,500 տեղական և միջազգային քարտ, հասցնելով դրանց ընդհանուր քանակն ավելի քան 143,000-ի:

Շուկայում բանկի ունեցած դիրքի կայունության, հաճախորդների համար վստահելի գործընկերոջ համբավի գերակայության և բանկի նկատմամբ հաճախորդների վստահության շարունակական աճի մասին է վկայում հաշվետու տարվա ընթացքում ինչպես ժամկետային ավանդների միջինով 20.8%-ով, այնպես էլ բանկի ակտիվ գործող հաճախորդների թվաքանակի 2.2%-ով աճը` որի արդյունքում բանկի հաճախորդների թիվը կազմել է 108,549:

2013թ.-ի հունիսի 12-ի դրությամբ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ընդհանուր կապիտալը կազմում է 9.76 մլրդ դրամ, ընդհանուր ակտիվները` 84.1 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 37.6 մլրդ դրամ, ժամկետային ավանդները` 21.2 մլրդ դրամ, շահույթը` 126.3 մլն. դրամ: Բանկն ունի 39 մասնաճյուղ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում:

Share