Բաժին. Ֆինանսական

ՀԵՆՐԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ՎԱՌԵԼԻՔԻ ԾՐԱԳԻՐԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է ԲՈԼՈՐ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ` ԱՆԿԱԽ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻՑ»

Այսօր՝ հունիսի 18-ին, Արարատի մարզի Նարեկ, Այգեզարդ, Այգեպատ գյուղերի բնակիչների բողոքի ակցիան տեսանկարահանելուց հետո ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արարատի մարզի Մխչյան գյուղում տեսնելով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Հենրիկ Աբրահամյանին, հետաքրքվել է.

-Պարոն Աբրահամյան, ինչպե՞ս կմեկնաբանեք մամուլում հրապարակված այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Դուք և Ձեր որդին կառավարության որոշմամբ անապահով գյուղացիներին հատկացված վառելանյութից էժան գներով ձեռք եք բերել շուրջ 48 տոննա դիզվառելիք:

– Նախ, ճշտեմ, որ կառավարությունը անապահով գյուղացիներին էժան վառելիքով ապահովելու մասին որևէ որոշում չի ընդունել: Լավ կլիներ, որ այդ հրապարակման հեղինակը մի քիչ իրեն նեղություն տար ծանոթանալ կառավարության իր իսկ նշած ծրագրին և ճշմարտությունը գրեր:

-Այդուհանդերձ, Դուք օգտվե՞լ եք հիշյալ ծրագրից:

– Իհարկե օգտվել եմ, ինչպես կարող էր օգտվել և օգտվել է Հայաստանի տարածքում գտնվող ցանկացած հողօգտագործող: Որովհետև այդ ծրագիրը վերաբերում է ոչ թե անապահով գյուղացիներին վառելանյութով ապահովելուն, այլ պետական աջակցություն է հանրապետության հողօգտագործողներին: Այսինքն, ամեն մեկն էլ հնարավորություն է ունեցել իրեն պետք եղած քանակով շուկայականից էժան գներով վառելիք ձեռք բերել: Մեկը 1000 լիտր է ուզել, դիմել է այդքանի համար, մյուսին ավելի շատ է պետք եղել: Ես և իմ որդին գնել ենք նշված քանակի վառելիք այն գնով, ինչ բոլոր հողօգտագործողները ոչ միայն Մխչյան համայնքում, այլև հանրապետության ողջ տարածքում:

– Հրապարակման մեջ նշվում է, թե քանի որ կառավարությունը սուբսիդավորել է մատչելի գներով վառելանյութի և դրա շուկայական գնի տարբերությունը, ստացվում է, որ կառավարությունը մասամբ վճարել է ձեր փոխարեն:

– Կրկնեմ, որ ծրագիրը նախատեսված է բոլոր հողօգտագործողների համար՝ անկախ նրանց ապահովվածության աստիճանից և ունեցած հողատարածքների չափից: Եվ ես, իմ որդին, ինչպես նաև Դուք և հիշյալ հրապարակման հեղինակը, եթե ունեք հողատարածք, հավասար իրավունքներ ունեինք և ունենք՝ օգտվելու այդ ծրագրից: Այնպես որ, մենք որևէ մեկին հասանելիք վառելիքը չենք գնել, ոչ էլ որևէ մեկը, առավել ևս կառավարությունը, վճարել է մեր փոխարեն: Աբրահամյանները երբեք չեն փորձել և ոչ մի մտադրություն չունեն բիզնես զարգացնել կամ հողատարածքներ մշակել պետության միջոցների հաշվին, որքան էլ որոշ մարդիկ շատ մեծ ցանկություն ունենան մեր մասին նման սուտ լուրեր տարածել: Փառք աստծո, մենք ունենք բավարար սեփական միջոցներ և, ի տարբերություն որոշ մարդկանց, մեր աչքը պետության միջոցների վրա չէ:

Share