Բաժին. Ֆինանսական

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ Է ՃԱՆԱՉԵԼ «ՍԹԱՐ»-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ

Այսօր՝ հուլիսի 23-ին, կայացել է Կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ նիստում ԿԲ խորհուրդը հաստատել է «Հաշվետու թողարկողի կանոնադրական կապիտալում մասնակցության ձեռքբերման, ավելացման և նվազման վերաբերյալ տեղեկացման և բացահայտման կարգը» կանոնակարգ 4/15-ը և «ՀՀ ԿԲ վճարահաշվարկային համակարգի կամ տեղեկատվական համակարգերի մասնակիցների կոդավորման կառուցվածքը, ինչպես նաև հաճախորդների դրամական հաշվեհամարների կառուցվածքը սահմանելու մասին» կարգը:

Փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում և «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողին չարգելված համարելու չափանիշները» կանոնակարգ 3/02-ում:

Խորհրդը որոշել է «ԲՏԱ ԲԱՆԿ» ՓԲԸ-ին «ԱՎԵՐՍ» («AVERSե) արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն տրամադրել:

Միևնույն ժամանակ, ուժը կորցրած է ճանաչվել «ՍԹԱՐ ԴԻՎԱՅԴ» ՓԲԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 755/6 լիցենզիան, վերաձևակերպվել են անհատ ձեռնարկատեր Փառանձեմ Հակոբյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 566 և անհատ  ձեռնարկատեր Արմեն Մալերյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 575 լիցենզիաները: «Ջայնթ Թրեյդ» ՍՊԸ-ին տրամադրվել է արտարժույթի առուվաճառքի լիցենզիա:

Share