Բաժին. Ֆինանսական

ԿԲ-ն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 8.0%

Նոյեմբերի 12-ին կայացել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշում է ընդունվել 0.5 տոկոսային կետով իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը և այն սահմանել 8.0%: Միևնույն ժամանակ, լոմբարդային ռեպոյի և ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 9.5% և 6.5%: Այս մասին տեղեկացնում են ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Նշենք, որ նախորդ՝ հոկտեմբեր ամսվա ընթացքում արձանագրվել է 0.3% գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.2% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել և հոկտեմբերի վերջին կազմել է 7.1%:

Գնաճի նվազող վարքագիծը հիմնականում պայմանավորվել է ԿԲ կողմից դրամավարկային պայմանների խստացմամբ և նախանշվածից ցածր տնտեսական աճի տեմպերով:

Խորհուրդը կարծում է, որ 12-ամսյա գնաճի նվազումը շարունակվելու է նաև առաջիկա ամիսներին:

Խորհուրդն արձանագրել է, որ արտաքին հատվածը գտնվել է կանխատեսվածի շրջանակներում: Պահպանվել են համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղ վերականգնման միտումները և ինչպես հումքային, այնպես էլ պարենային ապրանքների միջազգային շուկաներում հիմնականում ձևավորվել է ոչ գնաճային միջավայր: Այս զարգացումների ներքո, կանխատեսվող հորիզոնում արտաքին հատվածից լրացուցիչ գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:

Խորհուրդը գնահատել է, որ ՀՀ տնտեսության զարգացումներն անցած ինն ամիսների ընթացքում բնութագրվել են շինարարության ճյուղի ավելացված արժեքի նվազման ներքո տնտեսական աճի տեմպերի դանդաղմամբ և էներգակիրների սակագների բարձրացման հետևանքով ձևավորված բարձր գնաճային միջավայրով:

Խորհրդի դիտարկմամբ՝ տարվա սկզբից Կառավարության կողմից իրականացված հարկաբյուջետային քաղաքականությունը ևս նպաստել է ցածր ներքին պահանջարկի ձևավորմանը, սակայն արդեն չորրորդ եռամսյակից իրականացվում է ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականություն, որը, համաձայն «ՀՀ 2014թ.-ի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի դրույթների, շարունակվելու է հաջորդ ողջ տարվա ընթացքում:

Խորհուրդը գտնում է, որ դրամավարկային պայմանների ներկայիս թուլացումը համարժեք է տնտեսական ակտիվության դանդաղմանն ու գնաճային միջավայրի մեղմմանը, իսկ ԿԲ դրամավարկային քաղաքականության հետագա ուղղությունները կպայմանավորվեն նաև հարկաբյուջետային քաղաքականության իրականացման ընթացքով:

Խորհուրդը համակարծիք է, որ տնտեսական սպասվող զարգացումների արդյունքում 12-ամսյա գնաճը, նախորդ կանխատեսման համեմատ ավելի արագ նվազելով, 2014թ.-ի կեսերին կվերադառնա նպատակային մակարդակին և կանխատեսվող հորիզոնում կպահպանվի տատանումների թույլատրելի միջակայքում՝ 4% (±1,5%):

Share