Բաժին. Ֆինանսական

Talanx Asset Management ընկերությունը մտադիր է ակտիվ գործունեություն ծավալել հայկական շուկայում

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ընդունել է «Ցե-Կվադրատ Ինվեսթմենթ» և «Տալանքս Ասսեթ Մենեջմենթ» ընկերությունների ղեկավարներին:

Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հանդիպմանը Արթուր Ջավադյանը նշել է, որ Կենտրոնական բանկը բարձր է գնահատում ընկերությունների մուտքը հայաստանյան շուկա: «Կենսաթոշակային բարեփոխումները երկարաժամկետ բնույթ են կրում և մեծ սոցիալական ու տնտեսական նշանակություն ունեն ցանկացած երկրի համար», – ասել է Արթուր Ջավադյանը:

ԿԲ նախագահը իր խոսքում ընդգծել է, որ ի դեմս «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ի հիմնադիրներ C-QUADRAT INVESTMENT AG-ի և Talanx Asset Management GmbH-ի, տեսնում է վստահելի գործընկերներ և հուսալի ֆինանսական կառույցներ ոչ միայն կենսաթոշակային ակտիվների կառավարման ոլորտում, այլև Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման գործում:

Talanx Asset Management-ի գլխավոր գործադիր տնօրեն Հարի Փլոմախրը վստահեցրել է, որ ընկերությունը հետաքրքրված է հայկական շուկայում առավել ակտիվ գործունեություն ծավալելու հեռանկարով: Նա նաև նշել է, որ կենսաթոշակային բարեփոխումները երկարաժամկետ առումով երաշխավորում են երկրի ֆինանսական կայունությունը:

Նշենք, որ 2013թ. նոյեմբերի 29-ի թիվ 271 Ա որոշմամբ Կենտրոնական բանկի խորհուրդը գրանցել է «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Ընկերությանը տրամադրվել է ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա:

«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ի հիմնադիրներն են՝ C-QUADRAT INVESTMENT AG՝ 74.9% մասնակցությամբ և Talanx Asset Management GmbH՝ 25.1% մասնակցությամբ:

C-QUADRAT INVESTMENT AG ավստրիական ակտիվների կառավարիչ է 17 երկրում:

Talanx Asset Management GmbH-ն ակտիվների մեծությամբ երրորդ ապահովագրական խումբն է Գերմանիայում:

Երկու ընկերությունների համատեղ ակտիվները կազմում են շուրջ 185 մլրդ ԱՄՆ դոլար: Խումբը ներկայացված է 150 երկրում:

Share