Բաժին. Ֆինանսական

«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի 10րդ թողարկման պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում

2014թ. մայիսի 15-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի 10րդ թողարկումը ցուցակվեց ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում, ընգրկելով հիմնական Abond ցուցակում:

Ազգային Հիփոթեքային Ընկերության 1 մլրդ ՀՀ դրամ ընդանուր ծավալով, 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 36 ամիս մարման ժամկետով, արժեկտրոնի  10% եկամտաբերությամբ այս պարտատոմսերը շրջանառվելու են Բորսայում NMCCB2A հապավմամբ, ինչպես նաև թույլատրվելու են հասցեական և ՌԵՊՈ գործարքների կնքմանը:

«2014 թվականի գարունը Ազգային Հիփոթեքային Ընկերության համար արձանագրվեց երկու կարևոր ամսաթվով – առաջինը ապրիլի 23-ը, երբ թողարկվեցին և ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում հաջողությամբ տեղաբաշխվեցին Ընկերության առաջին միջին ժամկետայնության պարտատոմսերը և երկրորդը` այսօր, մայիսի 15-ին, երբ այդ պարտատոմսերը ցուցակվեցին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Abond հարթակում: Երկու փաստերն էլ վկայում են Ընկերության նկատմամբ շուկայի մասնակիցների բարձր վստահության մասին, ինչը Ընկերությունը իր հետագա գործունեության ընթացքում ավելի կամրապնդի: Ելնելով գործունեության առանձնահատկություններից, Ընկերությունը առաջիկայում նախատեսում է մեծացնել թողարկվող պարտատոմսերի ծավալները, ինչպես նաև երկարացնել դրանց մարման ժամկետները»,  նշեց Ազգային Հիփոթեքային Ընկերության Գործադիր տնօրեն Մհեր Եդիգարյանը:

«Մենք բարձր ենք գնահատում Ազգային Հիփոթեքային Ընկերության ակտիվ գործունեությոնը Հայաստանի արժեթղթերի շուկայում: Ընկերության պարտատոմսերի թվով տասներորդ այս թողարկման ցուցակումը և ընգրկումը բորսայական հիմնական Abond ցուցակում վկայում է այն մասին, որ Ընկերությանը հաջողվել է ձեռք բերել ներդրողների վստահությունը և շուկային նոր ներդրումային գործիք առաջարել», նշեց ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը:

Հիշեցնենք, որ պարտատոմսերի այս թողարկումը տեղաբաշխվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի տեղաբաշխման հարթակում 2014թ. ապրիլի 23-ին: Ընկերության 1 մլրդ ՀՀ դրամ ծավալով պարտատոմսերի համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր գումարը (ընդհանուր պահանջարկը) կազմել էր 2,478,193,315 ՀՀ դրամ: Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, որի արդյունքում Ընկերությունը ներգրավել է 981,365,520 ՀՀ դրամ: Տեղաբաշխված արժեթղթերի կտրման գինը կազմել է 97,625.24 ՀՀ դրամ: Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 10.7688%, իսկ կտրման եկամտաբերությունը՝ 10.9501%:

Այս թողարկումը ԱՀԸ ՎՎԿ պարտատոմսերի թողարկումներից առաջինն է, որն ընգրկվել է հիմնական Abond ցուցակում, ներկայումս ընկերության կորպորատիվ պարտատոմսերի ևս երեք թողարկումներ թույլատրված են առևտրին և շրջանառվում են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի ազատ շուկայում:

Share