Բաժին. Ֆինանսական

Գործարկվել է Apple Pay շարժական վճարային համակարգը

Apple ընկերության կողմից երեկ կազմակերպված միջոցառման ընթացքում ներկայացվել են ընկերության նոր սմարթֆոնները՝ iPhone 6 և iPhone 6 plus: Որոնց մասին մանրամասն կարող եք կարդալ Geek.am-ի հրապարակած հոդվածում: Նույն միջոցառման շրջանակներում ներկայացվել է Apple Pay շարժական վճարումների համակարգը: Համակարգի գործարկումը հնարավոր է դարձել նոր ներկայացված սմարթֆոններում տեղադրված NFC չիպի շնորհիվ:

Apple Pay համակարգը հնարավորություն է տալիս հեռախոսի միջոցով ակնթարթորեն վճարել ապրանքների կամ ծառայությունների համար: Օգտատիրոջ կողմից համակարգ են ներմուծվում անձնական վճարային քարտերը, իսկ վճարում իրականացնելու համար պարզապես հեռախոսը մոտեցվում է խանութում կամ ռեստորանում տեղադրված հատուկ սարքին: Վճարումների անվտանգությունը ապահովվում է մեկանգամյա օգտագործման փին կոդերով և iPhone-ի վրա տեղադրված մատնահետքերի սքաներով:

Apple Pay համակարգը աշխատում է American Express, Mastercard և Visa վճարային համակարգերի քարտեր, համակարգի շրջանակներում Apple-ի հետ համագործակցում են նաև Citi, Bank of America, Capital One, Wells Fargo և Chase բանկերի հետ:

Apple Pay համակարգն առաջինը ներդրվելու է հետևյալ ընկերություններում՝ Walgreens, Duane Reade, Macy’s, Nike, Bloomingdales, Staples, Subway, McDonalds և այլն, ինչը կապահովի վճարումների ընդունման 220 000 կետ: Ընկերություն խոստացել է թողարկել նաև ծրագրային API, որի միջոցով նորանոր բիզնեսներ կարող են միանալ Apple Pay-ին:

Հավելենք, որ այսօր McDonalds արագ սննդի աշխարհի ամենախոշոր ցանցը հայտնել է, որ գալիք հոկտեմբեր ամսից իրենց 14 000 ամերիկյան ռեստորանները կկարողանան վճարումներ ընդունել Apple Pay-ի միջոցով:

Share