Ֆինանսական | 20:22 09/10/14

«Գազպրոմը» հասնում է Արգենտինա

Ռուսական «Գազպրոմն» ու արգենտինական YPF պետական նավթային ընկերությունը առաջիկայում կբանակցեն` Արգենտինայում գազի նոր հանքավայրերի մշակման նպատակով փոխգործակցության հուշագիր ստորագրելու շուրջ:

Նոր հանքավայրերի մշակման համար կատարված ներդրումների ծավալը կկազմի նվազագույնը 1 մլրդ դոլար: Չի բացառվում, որ գերմանական BASF-ի Wintershall դուստր ձեռնարկությունը նույնպես միանա հուշագրին:

«Գազպրոմի» պատվիրակների այցը Արգենտինա նախատեսվում է նոյեմբերին: Ավելի վաղ, Սանկտ Պետերբուրգում կողմերը քննարկել են գազային ոլորտում համագործակցության զարգացման վերաբերյալ մի շարք կարևոր հարցեր:

Արգենտինայում բնական գազի ապացուցված պաշարները կազմում են մոտ 300 մլրդ խմ, իսկ նավթինը` 300 մլն տոննա: Անցյալ տարվա ընթացքում լատինամերիկյան երկրում արդյունահանվել է 35,5 մլրդ խմ գազ և 30,5 մլն տոննա էլ նավթ: Արգենտինայում երկնագույն վառելիքի և ածխաջրածնի ներքին սպառման ծավալները տարեկան կազմում են ` համապատասխանաբար 48 մլրդ խմ և 29,4 մլն տոննա: