Բաժին. Ֆինանսական

ՌԴ անշարժ գույքի շուկան խուճապի է մատնել օտարերկրյա ներդրողներին

JLL ընկերության վերլուծաբանների տվյալներով` տարեսկզբից առայսօր համաշխարհային առևտրի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 463 մլրդ դոլարի ներդրում, ինչը 23%-ով ավելին է, քան նախորդ տարվա 3 եռամսյակների ընդհանուր ցուցանիշը (378 մլրդ դոլար):

Ներդրումների համաշխարհային ծավալի գրեթե կեսը (207 մլրդ դոլար) բաժին է ընկել Հյուսիսային և Հարավային Ամերիկաներին (ԱՄՆ, Բրազիլիա, Մեքսիկա): Հյուսիսային Ամերիկայում շուկան առավելապես աճել է օտարերկրյա խաղացողների հաշվին, որոնք այս տարվա առաջին 9 ամիսներին ներդրել են 47%-ով ավելի, քան նախորդ տարվա ընթացքում:

Ներդրումային գրավչությամբ երկրորդ տեղում է հայտնվել Եվրոպան (170 մլրդ դոլար): Եվրոպական շուկայում ամենագրավիչ քաղաքը ներդրողների համար շարունակում է մնալ Լոնդոնը, որտեղ տարեսկզբից առայսօր ներդրվել է 47,3 մլրդ դոլար, ինչը 40,5%-ով ավելին է, քան նախորդ տարվա ցուցանիշը:

Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ներդրվել է, ընդհանուր առմամբ, 86 մլրդ դոլար (-4%):

Ինչ վերաբերում է ռուսական շուկային, ապա այն վախեցնում է ներդրողներին: JLL վերլուծաբանների հաշվարկներով` 2014-ի երեք ամիսների ընթացքում Ռուսաստանի և Արևմուտքի միջև լարվածության ֆոնին` ռիսկերի ավելացմամբ, տնտեսական աճի դանդաղմամբ և փոխարժեքային տատանումներով պայմանավորված, ռուսական անշարժ գույքի շուկայում ներդրվել է ընդամենը 2,8 մլրդ դոլար, այսինքն` 43%-ով պակաս նախորդ տարվա ցուցանիշից: Մոսկվան ևս զրկվում է ներդրումային խոշորագույն շուկայի` իր երբեմնի կարգավիճակից: Այսպես, նախորդ տարվա 3-րդ եռամսյակից մինչև 2014-ի 2-րդ եռամսյակն ընկած հատվածում ռուսական մայրաքաղաքում ներդրվել է 6,284 մլրդ դոլար, ինչը 13%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:

Share