Բաժին. Ֆինանսական

Արմեն Գևորգյանը նոր աշխատանք ունի, նա գլխավորել է Ռուբեն Վարդանյանի ԻԴԵԱ հիմնադրամը

Արմեն Գեւորգյանը դարձել է բարերար և գործարար Ռուբեն Վարդանյանի ու նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի կողմից հիմնված IDeA հիմնադրամի («Հայաստանի զարգացման նախաձեռնություններ») նոր ղեկավարը:

«IDeA հիմնադրամն իրականացնում է լայնածավալ բարեգործական նախաձեռնություններ Հայաստանի, Արցախի եւ հայկական սփյուռքի համար, որոնք ուղղված են պայմանների ստեղծմանը հայ ժողովրդի արժանապատիվ ապագայի ապահովման համար: Մենք ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք գտնվում են իրականացման տարբեր փուլերում, ինչպես նաեւ նոր գաղափարներ ու նախագծեր: Վստահ եմ, որ Արմեն Գեւորգյանն ունի բոլոր անհրաժեշտ որակները մեր ծրագրերը հետեւողականորեն կյանքի կոչելու համար», – ասել է Ռուբեն Վարդանյանը: 

«Աշխատելով Հայաստանի կառավարությունում՝ ես համագործակցել եմ Ռուբեն Վարդանյանի եւ նրա գործընկերների հետ «Տաթեւի վերածնունդ» ծրագրի, UWC Dilijan College միջազգային դպրոցի կառուցման եւ բազմաթիվ այլ բարեգործական նախաձեռնությունների իրականացման շրջանակներում: Այդ ծրագրերը փոխակերպում են Հայաստանը՝ այն դարձնելով առավել հետաքրքիր արտաքին աշխարհի եւ ավելի հարմարավետ մեր երկրի քաղաքացիների համար: Ես ընդունել եմ IDeA հիմնադրամը ղեկավարելու առաջարկը, քանի որ այն ինձ թույլ կտա լավագույնս կիրառել գիտելիքներս ու փորձը Հայաստանի զարգացման գործում», – ասել է Արմեն Գեւորգյանը:  

Արմեն Գեւորգյանն աշխատել է ՀՀ պետական կառավարման համակարգում 1997թ.-ից մինչեւ 2014թ՝ զբաղեցնելով ՀՀ վարչապետի օգնականի, ՀՀ նախագահի օգնականի, նախագահի առաջին օգնականի, նախագահի աշխատակազմի ղեկավարի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, տարածքային կառավարման նախարարի եւ ՀՀ փոխվարչապետի պաշտոնները:

IDeA-ն բարեգործական հիմնադրամ է՝ ստեղծված երկարաժամկետ ծրագրերի իրականացման համար, որոնք ազդեցություն կգործեն Հայաստանի ապագայի վրա եւ կօգնեն նրան գոյատեւման մոդելից անցում կատարել դեպի բարգավաճման մոդել:

Share