Բաժին. Ֆինանսական

Volkswagen-ի շահույթը 9 ամսվա ընթացքում աճել է 30%-ով

Գերմանական Volkswagen ավտոկոնցեռնի զուտ շահույթը ընթացիկ տարվա 9 ամիսներին աճել է 30%-ով և կազմել 8,7 մլրդ եվրո: Եկամուտների ծավալն ավելացել է 1,4%-ով (147,7 մլրդ եվրո): Ֆինանսական 3-րդ եռամսյակի արդյունքներով` ավտոարտադրողը ստացել է 2,97 մլրդ եվրոյի զուտ շահույթ (+55,6%) և 48,91 մլրդ եվրոյի եկամուտ (+4,1%):

2014թ. 9 ամիսներին ընկերության օպերացիոն շահույթն ավելացել է 10%-ով և կազմել 9,4 մլրդ եվրո:

«Մարդատար ավտոմեքենաների համաշխարհային պահանջարկը շարունակում է աճել` թեկուզև դանդաղ տեմպերով»,-նշված է ընկերության հաղորդագրությունում:

Փորձագետների գնահատականով, սակայն, շուկայում իրավիճակը տատանվում է` կախված տարածաշրջանից: Այսպես, առավելագույն աճը նկատվել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Հյուսիսային Ամերիկայում, ինչպես նաև Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում: Իսկ Հարավային Ամերիկայում և Արևելյան Եվրոպայում, նախորդ տարվա համեմատ, նկատվել է վաճառքների ծավալի էական նվազում:

Share