Բաժին. Ֆինանսական

Սպառողների սպասումները համեստ են, վստահության ցուցանիշը՝ կայունից ցածր

Կենտրոնական բանկն ամփոփել է սպառողների շրջանում անցկացված հարցումների արդյունքները և կազմել ընթացիկ տարվա առաջին եռամսյակում սպառողների վստահության ցուցանիշը: Ըստ հրապարակված տվյալների՝ այս տարվա առաջին երեք  ամսում մեր հանրապետությունում գրանցվել է սպառողների վստահության ցուցանիշն աճի միտում, ընդ որում՝ ցուցանիշի աճը պայմանավորվել է նախորդ եռամսյակի նկատմամբ ընթացիկ պայմանների ցուցանիշի 1.7 տոկոսային կետ աճով: Աճ է արձանագրվել ընթացիկ պայմանները նկարագրող բոլոր երեք ցուցանիշների գծով: Եկամուտների փաստացի փոփոխության ցուցանիշն աճել է 2.3 տոկոսային կետով, իսկ խոշոր գնումներ կատարելու փաստի և տնտեսության ընդհանուր վիճակի գնահատման ցուցանիշները՝ համապատասխանաբար 1.2 և 1.4 տոկոսային կետերով:

Ապագա պայմանների ցուցանիշը 50.6 արժեքով գտնվում է կայունության միջակայքում: Գալիք եռամսյակում խոշոր գնումներ կատարելու ակնկալիքի, ինչպես նաև ֆինանսական վիճակի փոփոխության սպասումների ցուցանիշները նախորդ եռամսյակի նկատմամբ գրեթե չեն փոխվել:

Նշենք, որ սպառողների վստահության ցուցանիշն (ՍՎՑ) իրենից ներկայացնում է դիֆուզիոն ինդեքս, որը հաշվարկվում է որպես սպառողներին տրված վեց հարցերի պատասխանների հիման վրա հաշվարկված դիֆուզիոն ինդեքսների միջին թվաբանական մեծություն: Ընթացիկ պայմանների ցուցանիշն իրենից ներկայացնում է դիֆուզիոն ինդեքս, որը  հաշվարկվում է որպես ընթացիկ պայմաններին վերաբերող հարցերի արժեքների միջին թվաբանական մեծություն, իսկ ապագա սպասումների ցուցանիշն իրենից ներկայացնում է դիֆուզիոն ինդեքս՝ հաշվարկված  որպես ապագային վերաբերող հարցերի  արժեքների միջին թվաբանական մեծություն: Յուրաքանչյուր հարցի համար հաշվարկվում է պատասխանների արժեք (դիֆուզիոն ինդեքս), որը հաշվարկվում է որպես դրական պատասխանների տեսակարար կշռի և չեզոք պատասխանների տեսակարար կշռի կեսի գումար: Բոլոր հարցերի համար հաշվարկված դիֆուզիոն ինդեքսները, նախքան ՍՎՑ հաշվարկում ներառվելը, սեզոնայնորեն հարթեցվում են: Դիֆուզիոն ինդեքսները տատանվում են [0, 100] միջակայքում: Դիֆուզիոն ինդեքսի 0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլոր ռեսպոնդենտները նշել են նվազում, 100 արժեքը` աճ, իսկ 50 արժեքը` կայուն վիճակ (աճ և նվազում ակնկալող հարցվողների քանակը հավասար է), իսկ արժեքների 45-ից 55 միջակայքը՝ կայունության միջակայք:

2015թ. առաջին եռամսյակի հարցման մեջ ընդգրկվել է 1801 տնային տնտեսություն` Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններից և ՀՀ բոլոր մարզերի քաղաքներից: Ընտրանքը կատարվել է ըստ քվոտաների` յուրաքանչյուր մարզի քաղաքային բնակչության թվաքանակին և սեռատարիքային կառուցվածքին համապատասխան: Հարցումն իրականացվել է մարտ ամսվա ընթացքում:

Share