Բաժին. Ֆինանսական

Հայաստանն ունի HSBCnet Մոբայլ Բանկ ծրագրի օգտագործման ամենաբարձր ցուցանիշը

Ֆինանսական տնօրեններն ու գանձապահներն իրենց մասնագիտական առօրյան կազմակերպելու համար հետզհետե ավելի հաճախ են դիմում մոբայլ բանկին՝ հրաժարվելով փոխանցումների կատարման հին մեթոդներից և վճարումներ իրականացնելով սմարթֆոնների ու պլանշետների օգնությամբ: Այդ մասին են վկայում HSBC-ի տվյալները:

Ինչպես տեղեկացնում են HSBC բանկից՝ 2014թ-ի վերջին HSBCnet Մոբայլ Բանկ ծրագրի մեկնարկից ի վեր Հայաստանի կորպորատիվ հաճախորդները HSBCnet-ի միջոցով իրականացրել են ավելի քան 12 միլիոն դոլարի չափով վճարումներ: Տվյալները ցույց են տալիս, որ Մոբայլ Բանկ ծրագրի ծառայությունների հանդեպ կորպորատիվ հաճախորդների պահանջարկն աճում է ակնհայտորեն և շարունակաբար: Միայն 2015թ-ի առաջին եռամսյակի ընթացքում իրականացվել են ավելի քան 1400 մոբայլ վճարումներ, որոնց ընդհանուր արժողությունը կազմել է 7.6 միլիոն դոլար:

Հայաստանում ֆինանսական ոլորտի մասնագետների Մոբայլ Բանկ ծրագրին գրանցվելու ցուցանիշները չորս անգամ գերազանցում են համաշխարհային միջին ցուցանիշը. Հայաստանում HSBCnet օնլայն բանկինգի հաճախորդների 49%-ն օգտվում է HSBCnet Մոբայլ Բանկ ծրագրից, մինչդեռ համաշխարհային մակարդակով այդ ցուցանիշը կազմում է ընդհամենը 12%: iOS և Android օպերացիոն համակարգերով սարքավորումների վրա գործող HSBCnet Մոբայլ Բանկ հավելվածը ամենալայն տարածումն է գտել հենց Հայաստանում:  

HSBCnet Մոբայլ Բանկը բիզնեսի համար ստեղծված մոբայլ հարթակ և հավելված է, որը կազմակերպությունների գանձապահներն ու ղեկավարներին թույլ է տալիս հեշտությամբ ստուգել հաշիվների մնացորդները, վճարումներ հաստատել և ստանալ վճարման ծանուցումներ:   

«Աշխարհը թևակոխում է մոբայլ վճարումների նոր ժամանակաշրջան, ինչը կհեղաշրջի բիզնեսի վարման գործելաոճը: Այս նոր ցուցանիշներից ակնհայտ երևում է, որ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի կորպորատիվ հաճախորդները շատ արագ հասկացել և գնահատել են Մոբայլ Բանկի տրամադրած բիզնես լուծումների առավելություններն ու հնարավորությունները: Մոբայլ վճարումները ենթադրում են արագ հաշվանցում: Վճարումներն արագ ստանալը բարելավում է կազմակերպության իրացվելիությունը և կանխիկի հոսքերը, որն էլ իր հերթին հնարավորություն է ընձեռում արագացնել սեփական կրեդիտորական պարտքերի մարումը:  Չնայած անհրաժեշտ տեխնոլոգիաների առկայությանը՝ բիզնեսների միջև մոբայլ վճարումների պրակտիկան դեռ պետք է լայն կիրառում գտնի: Որոշ ընկերություններ դեռևս շարունակում են իրենց վճարումներ կատարել այնպիսի հին մեթոդներով, ինչպիսիք են՝ թղթային հաշիվ-ապրանքագրերն ու բանկային չեկերը», – նշել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի առևտրավարկային դեպարտամենտի տնօրեն Արամ Փինաջյանը՝ հավելելով. «Մոբայլ բանկ հավելվածը զուտ հարմարավետություն չէ: Վճարումների թվայնացումը նպաստում է, որպեսզի բիզնեսի գործընթացները ավելի տեսանելի և թափանցիկ լինեն:  Այն հնարավորություն է ընձեռում վճարումների վերաբերյալ առավել ընդգրկուն և լիարժեք տվյալներ գրանցել և պահպանել: Ֆինանսական տնօրենները կարող են ակնթարթորեն գնահատել իրենց կազմակերպության մասնաճյուղերի, առևտրային գործընկերների և կապալառուների ֆինանսական կարգավիճակը, որն էլ իր հերթին թույլ է տալիս  գնումներիրականացնելիս և վարկային որոշումներ կայացնելիս լինել առավել տեղեկացված»:

Մոբայլ վճարումների ընդհանուր պատկերը ներկայացնում ենք ստորև.

  • 3.6 միլիարդ Մոբայլ Բանկ ծրագրի բաժանորդ ամբողջ աշխարհում  

  • 2.6 միլիարդ սմարթֆոնի բաժանորդ ամբողջ աշխարհում

  • 29.2 միլիարդ ԱՄՆ դոլար՝ մոբայլ վճարումներ 2014թ-ին՝2013թ-ի 18 միլիարդ ԱՄՆ դոլարի համեմատ

  • 50 միլիարդ ԱՄՆ դոլար՝ մոբայլ վճարումներ իրականացված HSBC-ի կորպորատիվ հաճախորդների կողմից ամբողջ աշխարհում

  • 1.17 միլիարդ ԱՄՆ դոլար՝  ամենախոշոր մոբայլ վճարումը

  • 54 երկիր, որտեղ հասանելի է HSBCnet Մոբայլ Բանկը՝ 21 լեզուներով

  • 26000 HSBCnet Մոբայլ Բանկ ծրագրի հաճախորդ ամբողջ աշխարհում

  • HSBCnet հաճախորդների 12%-ն օգտվում է HSBCnet Մոբայլ Բանկ ծրագրից

  • 49%. Հայաստանը գրանցել է HSBCnet Մոբայլ Բանկ ծրագրից (iOS and Android) օգտվողների ամենաբարձր ցուցանիշը

Share