Բաժին. Ֆինանսական

Արգենտինայի ԿԲ-ն պահանջել է 24 ժամում փոխել HSBC բանկի տնօրենին

Արգենտինայի Կենտրոնական Բանկը պահանջել է 24 ժամվա ընթացքում փոխել HSBC բանկի ղեկավարին և մեղադրել այն բանում, որ բանկը չի կարողացել կանխել հարկերից խուսափման և փողերի լվացման բազմաթիվ դեպքեր: Այս մասին հայտնում է BBC-ն: Նշենք, որ դեռևս անցյալ տարվա նոյեմբեր ամսին Արգենտինական իշխանությունները մեղադրել էին HSBC-ին հարկերից խուսափող 4000 հաճախորդի աջակցելու մեջ՝ գումարները շվեցարական բանկերում թաքցնելու միջոցով:

Արգենտինայի կենտրոնական բանկից հայտնել են, որ  HSBC բանկի ղեկավար Գաբրիել Մարտինոն չի ձեռնարկում անհրաժեշտ միջոցներ, որոնք թույլ կտան խուսափել փողերի լվացումից և ահաբեկչության ֆինանսավորումից: HSBC բանկից պատասխանել են, որ բանկը շարունակում է աշխատել արգենտինական օրենսդրության և կարգավորումների շրջանակներում:

Արգենտինայի AFIP հարկային ծառայության ղեկավար Ռիկարդո Էչեգարայը ողջունել է ԿԲ-ի որոշումը, հայտնելով, որ բանկի այն հաճախորդները, ովքեր գաղտնի կերպով գումարներ են փոխանցել օֆշորային գոտիներ պետք է ենթարկվեն պատասխանատվության և մուծեն թաքցված հարկերը:

Հիշեցնենք, որ մարտ ամսին Արգենտինայի իշխանությունները հրամայել էին HSBC-ին օֆշորային հաշիվներից վերադարձնել 3.5 մլրդ դոլար: Նշենք նաև, որ մի քանի երկրներում ևս HSBC բանկը մեղադրվում է հարկերից խուսափողներին աջակցելու մեջ:

Share