Բաժին. Ֆինանսական

ԱԶԲ. Չինաստանի և Հնդկաստանի զսպվածությունը ճնշում է գործադրում Ասիայի զարգացող երկրների աճի հեռանկարի վրա

Ըստ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նոր զեկույցի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) և Հնդկաստանի աճի ավելի թույլ հեռանկարների և խոշոր արդյունաբերական տնտեսությունների դանդաղ վերականգնման պատճառով 2015-2016թթ-ին Ասիայի զարգացող երկրների աճի ցուցանիշները կլինեն նախորդ կանխատեսումներից ցածր:

Ըստ ԱԶԲ-ի տարեկան տնտեսական առաջատար հրապարակման՝ «Ասիական զարգացման հեռանկարներ 2015»-ի, (ԱԶՀ 2015), թարմացված տարբերակի՝ տարածաշրջանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը 2015թ-ին կկազմի 5.8%, իսկ 2016թ-ին՝ 6.0%, ինչը ավելի ցածր է, քան մարտին արված կանխատեսումները` 6.3% նշված տարիների համար:

«Անկախ աճի դանդաղումից՝ ակնկալվում է, որ Ասիայի զարգացող երկրները կշարունակեն մնալ համաշխարհային աճին նպաստող ամենամեծ տարածաշրջանը, բայց գոյություն ունեն մի շարք դժվարություններ, ինչպիսիք են արժութային ճնշումները և կապիտալի արտահոսքի վերաբերյալ անհանգստությունները»,- ասաց ԱԶԲ գլխավոր տնտեսագետ Շանգ-Ջին Ուեյը: «Միջազգային տոկոսադրույքի տատանումներին և ֆինանսական այլ ցնցումներին դիմակայելու համար կարևոր է իրականացնել մակրոպրուդենցիալ կարգավորումներ, ինչը որոշ երկրներում կարող է հանգեցնել կապիտալի հոսքի որոշակի կառավարման, օրինակ՝ արտարժութային փոխառությունից կախվածության սահմանափակման»:

Ըստ զեկույցի՝ արդյունաբերական տնտեսություններում նկատվում է աճի նվազում՝ 2015թ-ին կազմելով 1.9%, որն ավելի ցածր է, քան մարտին արված 2.2% կանխատեսումը: Պատճառը սպառման և ներդրումների ցածր ցուցանիշներն են, թեև բարելավվել են Եվրոգոտու և Միացյալ Նահանգների շարունակական աճի հեռանկարները:

ՉԺՀ՝ աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունն ունեցող երկիրը, զուսպ տնտեսական աճ է գրանցել, ինչը 2015թ-ի առաջին 8 ամիսներին ներդրումների և արտահանման ծավալների նվազման հետևանք է: Աճի ներկայիս ցուցանիշը 2015թ-ին կազմում է 6.8%՝ ավելի վաղ կանխատեսված 7.2%-ի և 2014թ-ին արձանագրված 7.3%-ի համեմատ: Ցածր արտաքին պահանջարկի և առանցքային բարեփոխումների՝ սպասվածից ավելի դանդաղ տեմպերով իրականացման պատճառով  դանդաղում է Հնդկաստանի աճի տեմպը, որը 2015թ-ի դրությամբ կազմում է 7.4%՝ ավելի վաղ կանխատեսված 7.8%-ի  համեմատ:

Միևնույն ժամանակ, Հարավարևելյան Ասիան կրում է ՉԺՀ-ի՝ իր հիմնական շուկաներից մեկի աճի դանդաղեցման, ինչպես նաև արդյունաբերական երկրներից եկող կրճատված պահանջարկի բեռը՝ 2015թ-ին ցուցաբերելով 4.4% աճ, որը 2016թ-ին կբարձրանա մինչև 4.9%:

Համաշխարհային լայն սպառման ապրանքների, այդ թվում նավթի և սննդի նվազող գները զսպում են գնային լարվածությունը: 2015թ-ին տարածաշրջանում կանխատեսվում է գնաճի անկում մինչև 2.3%՝ 2014թ-ին արձանագրված 3.0%-ի համեմատ, չնայած 2016թ-ին սպասվում է գնաճի ցուցանիշի բարձրացում: 2015թ-ի առաջին կեսին թափ առած և առաջին եռամսյակում 125 միլիարդ դոլարի սահմանաչափը գերազանցած մաքուր կապիտալի արտահոսքը զարգացող Ասիայի շուկաներից մտահոգիչ է, քանի որ ներդրողները մոտ ապագայում ակնկալում էին ԱՄՆ տոկոսադրույքի բարձրացում: Արդյունքում տարածաշրջանում արձանագրվել է հավելավճարների հետ կապված աճող ռիսկ և փոխարժեքի թուլացում, ինչն իր հերթին կարող է խոչընդոտել տնտեսական աճը, նշված է զեկույցում:

Ուժեղացող ԱՄՆ դոլարը սպառնում է արտարժութային մեծ ֆոնդեր ունեցող ասիական ընկերություններին, հաշվի առնելով այն տվյալները, որ Վիետնամի, Շրի Լանկայի և Ինդոնեզիայի ընկերությունների արտարժութային պարտքի մասնաբաժինը գերազանցում է 65%-ը: Բացի այդ, ՉԺՀ-ում էներգիայի, մետաղների և այլ ապրանքների նկատմամբ նվազող հակվածությունը և համաշխարհային ապրանքների նվազող գները անհանգստացնում են Ասիայի ապրանք արտահանող մի շարք տնտեսություններին, որոնց թվում են Մոնղոլիան, Ինդոնեզիան, Ադրբեջանը և Ղազաղստանը:

Ըստ զեկույցի՝ ԱՄՆ տոկոսադրույքի բարձրացման ազդեցությանը դիմակայելու նպատակով Ասիայի զարգացող երկրների դրամավարկային քաղաքականություն իրականացնողները պետք է գտնեն հավասարակշռությունը ֆինանսական սեկտորի կայունացման և ներքին պահանջարկի խթանման միջև: Իրացվելի և լավ զարգացած ներքին ֆինանսական շուկաների ստեղծմանն ուղղված շարունակական քայլերը կնպաստեն կորպորատիվ սեկտորի՝ արտարժութային փոխառություններից կախվածության նվազմանը:

ԱԶԲ-ն, որի կենտրոնակայանը գտնվում է Մանիլայում, նպատակ ունի նվազեցնել աղքատությունը Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ ներառական տնտեսական աճի, կայուն աճի և տարածաշրջանային ինտեգրման միջոցով: ԱԶԲ-ն հիմնադրվել է 1966 թվականին և պատկանում է իր 67 անդամներին, որոնցից 48-ը տվյալ տարածաշրջանից են: 2014թ-ին ԱԶԲ-ի կողմից ցուցաբերած ֆինանսական աջակցությունը կազմել է 22.9 միլիարդ դոլար՝ ներառյալ 9.2 միլիարդ դոլարի համաֆինանսավորումը:

Share