Բաժին. Ֆինանսական

Յունիբանկ. «Բանկն առաջին անգամ Հայաստանում իրականացնում է բաժնետոմսերի թողարկում բորսայի միջոցով»

2014-2015թթ.-ին Յունիբանկն էապես ընդլայնեց համագործակցությունը միջազգային կառույցների հետ: Վարկավորման ծրագրի շրջանակներում ներկայումս բանկը համագործակցում է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC), Առևտրի և զարգացման Սևծովյան բանկի (BSTDB) և Եվրոպական ներդրումային բանկի (EIB) հետ: Համագործակցության պայմանագրերի շրջանակներում ներգրավված միջոցները  Յունիբանկն ուղղում է փոքր և միջին ձեռնարկատիրության երկարաժամկետ վարկավորմանը` նպատակ ունենալով դառնալու առավել շահավետ գործընկեր ՓՄՁ-ների համար:

«Յունիբանկը թևակոխում է զարգացման որակապես նոր փուլ, որը ենթադրում է ինչպես կառավարման հիմքում կորպորատիվ մոտեցումների խորացում, աշխատակազմի արդյունավետության բարձրացման պահանջ, այնպես էլ` համագործակցության ընդլայնում միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ: Այս քայլերը համահունչ են  Յունիբանկի` ժողովրդական բանկ դառնալու ռազմավարությանը, որի անկյունաքարը շահառուների ընդլանումն է բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման միջոցով» – Յունիբանկի Խորհրդի անդամ Արարատ Ղուկասյանը:

Երկարաժամկետ միջոցներ ներգրավելու նպատակով, Յունիբանկը բանակցություններ է վարում նաև եվրոպական մասնավոր ֆոնդերի հետ: Ա.Ղուկասյանի խոսքով, շուտով բանկը կհայտարարի ևս մեկ համագործակցության պայմանագրի ստորագրման մասին: «Մենք բոլորս քաջ գիտակցում ենք ՓՄՁ-ների կարևոր դերը տնտեսության դիվերսիֆիկացիայի և նոր աշխատատեղերի ստեղծման մեջ, ուստի ներգրավված միջոցներն ուղղվելու են ՓՄՁ վարկավորման ընդլայնմանը` էականորեն բարձրացնելով վարկային միջոցների հասանելիության մակարդակը», – նշեց Ա.Ղուկասյանը:

Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը բանկը դիտում է ոչ միայն որպես  ֆինանսական միջոցների ներգրավման, այլև միջազգային փորձի ձեռքբերման, խորհրդատվության մատուցման և զարգացման նոր հեռանկարների ստեղծման հնարավորություն: Բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման` IPO-ի միջոցով  ներգրավված միջոցները Յունիբանկը ևս ուղղելու է իր գործունեության հիմնական ռազմավարական ուղղությունների` մանրածախ բիզնեսի հետագա զարգացմանը և ՓՄՁ-ների հետ աշխատանքի ընդլայնմանը:

«Յունիբանկն առաջին անգամ Հայաստանում իրականացնում է բաժնետոմսերի թողարկում բորսայի միջոցով: Այս քալով մենք մոտեցնում ենք բանկը  հաճախորդներին, վերջիններիս հնարավորություն ընձեռելով դառնալու բաժնետեր:  Դատելով արդեն իսկ ձևավորված պահանջարկից, տեղական շուկայի արձագանքը ներդրումային այս նոր գործիքի նկատմամբ դրական է, որը միանշանակ փաստում է բանկի կայուն ֆինանսական վիճակի, մեր հաճախորդների և ներդրողների բանկի նկատմամբ ունեցած վստահության մասին», – հավելեց Ա.Ղուկասյանը:

Այսօր Յունիբանկը ներկայացված է գլխամասային գրասենյակով և 45 մասնաճյուղերով Հայաստանում և ԼՂՀ-ում: Մոսկվայում (ՌԴ) գործում է բանկի ներկայացուցչությունը: 30.06.2015թ.-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 165 մլրդ ՀՀ դրամ, ընդհանուր կապիտալը` 20,8 մլրդ ՀՀ դրամ, վարկային ներդրումները` 109 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները` 144 մլրդ ՀՀ դրամ: Յունիբանկում սպասարկվող հաճախորդների թիվը գերազանցում է 274 000-ը:

Share