Բաժին. Ֆինանսական

ՎԶԵԲ-ը Հայաստանին 21 միլիոն դոլարի վարկ կտրամադրի

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանի 21 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկ կտրամադրի՝ պետական հատվածի արդիականացման համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովը քննարկում է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման զարգացման միջազգային բանկի միջև 2015թ. նոյեմբերի 15-ին ստորագրված վարկային համաձայնագիրը, որը պետական հատվածի արդիականացման երրորդ վարկային համաձայնագիրն է: Համաձայնագիրն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: «Պետական հատվածի արդիականացման ծրագիրը տրամաբանական շարունակությունն է նախորդ երկու ծրագրերի: Մենք թևակոխում ենք ծրագրի ավարտման փուլ: Առաջին երկու փուլերի ընթացքում իրականացվել են հիմնականում ինստիտուցիոնալ բարեփոխումներ, մշակվել են քաղաքականության հիմնական ուղղությունները, կատարվել է համապատասխան ֆունկցիոնալ վերլուծություն, արդեն ունենք բիզն ես գործընթացները, և այս երրորդ համաձյանագիրը տրամաբանորեն շարունակում է առաջին երկու փուլերի ընթացքում իրականացված աշխատանքները և կոչված է ապահովել ծրագրի ֆունկցիոնալությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Միրումյանը:

Նա հավելեց, որ ծրագրի առաջին բաղադրիչը պետական ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգերն են: «Խոսքն այստեղ վերաբերում է միջազգային պրակտիկայում լայն կիրառվող GFMIS համակարգի ներդրմանը, ինչը նշանակում է խստապահանջ հսկողություն պետության ծախսերի և առհասարակ ողջ հաշվետվողականության մասով: Նախատեսվում է ծրագրային բյուջետավորումը փոխկապակցել ֆինանսական հաշվառման հետ, գնումների գործընթացին և, ունենալով ֆինանսական գործունեության միասնական համակարգ, ապահովել այդ համակարգի թափանցիկությունը, ինչպես նաև ցուցաբերել համապատասխան մոտեցում, որպեսզի վերահսկողությունը լինի էլ ավելի արդյունավետ»,- մանրամասնեց Միրումյանը:

Երկրորդ հիմնական բաղադրիչը, որը նախատեսված է ծրագրով, ծառայությունների բարելավմանն ուղղված էլեկտրոնային համակարգի բարելավումն է: Ըստ Միրումյանի՝ խոսքը գնում է պետական համակարգերում գործող էլեկտրոնային կառավարման համակարգեը մրավորելու, մեկ միասնական հարթակ ստեղծելու մասին, որը հնարավորություն է տալու հարմարավետություն պատճառել մեր քաղաքացիներին և տնտեսավարող սուբյեկտներին:

Share