Բաժին. Ֆինանսական

51 մլն եվրո՝ Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհի վերանորոգման համար

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2016թ. հունվարի 26-ին Երևանում և հունվարի 29-ին Լյուքսեմբուրգում ստորագրված «Հայաստանի Մ6 միջպետական ճանապարհ» ֆինանսական պայմանագրին: Ըստ հիմնավորման՝ կառավարության 2011թ. նոյեմբերի 24-ի համապատասխան որոշմամբ հավանության է արժանացել ՀՀ հիմնական տարանցիկ մայրուղիների վերականգնման և վերակառուցման հայեցակարգը, որի մեծ մասը վերաբերվում է Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման ծրագրին: Ծրագրին ընթացք տալու նպատակով 2013 թ.-ին Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) տրամադրել է 1 մլն եվրո տեխնիկական աջակցության դրամաշնորհ՝ ծրագրի տեխնիկա-տնտեսական հիմնավորման, բնապահպանական ազդեցության գնահատման և նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար: Նշված դրամաշնորհի ֆինանսավորմամբ ԵՆԲ-ի և իտալական «Լոտտի Ինժեներիա» կազմակերպության միջև կնքվել է պայմանագիր, որի համաձայն մշակվել են ճանապարհի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերը: Նախնական գնահատմամբ՝ ծրագրի համար վարկային ներդրումները կկազմեն շուրջ 102 մլն եվրո: Ծրագիրը ֆինանսավորվելու է Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի կողմից համատեղ: Եվրոպական ներդրումային բանկի և Հայաստանի Հանրապետության միջև 2016թ հունվարին ստորագրվել է «Հայաստանի Մ6 միջպետական ճանապարհ» ֆինանսական պայմանագիրը: Ծրագրի նպատակն է վերականգնել Մ6 միջպետական ճանապարհի՝ Հայաստանի կենտրոնական հատվածում գտնվող Վանաձոր քաղաքի և Վրաստանի հյուսիսարևելյան սահմանին գտնվող Բագրատաշենի միջև ընկած մոտ 90 կիլոմետր երկարությամբ հատվածը: Ըստ պայմանագրի՝ տրամադրվող վարկի գումարը 51 մլն եվրո է: Վարկը հատկացվելու է առավելագույնը 15 (տասնհինգ) տրանշներով:

Գործադիրն ընդունել է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2 (Բաբաջանյան-Հին Սիլիկյան) ճանապարհահատվածում առկա գույքերի և հողատարածքների նախնական ուսումնասիրման մասին որոշում: ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև 2015թ.հոկտեմբերի 13-ին կնքված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2» վարկային համաձայնագրով, Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում նախատեսվում է իրականացնել Երևանի Բաբաջանյան-Հին Սիլիկյան ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները:

Share