Բաժին. Ֆինանսական

Ադրբեջանի Կենտրոնական Բանկի պահուստը պակասել է 50%-ով

Ադրբեջանի կենտրոնական բանկի պաշտոնական արտարժույթի պահուստները 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 4,2 մլրդ դոլարով կամ 50 տոկոսով պակասել է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է azadlig.info լրատվական կայքը:

2016 թվականի հունվարի 1-ի համեմատ, այս տարվա մայիսի 1-ի դրությամբ Ադրբեջանի ԿԲ-ի արտարժույթի պահուստը նվազել է 896,1 մլն դոլարով կամ 17,9 տոկոսով: Ներկայում այն չի գերազանցում 4,12 մլրդ դոլարը:

Ադրբեջանում նավթի համաշխարհային գների անկման հետ կապված ստեղծված տնտեսական ճգնաժամի պատճառով բանկերին պարտք 2,6 մլն քաղաքացիների մեկ հինգերորդից ավելին ի վիճակի չեն վերադարձնել վերցրած վարկերը:

Fins.az լրատվական կայքն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանը արգելել է վարկային պարտավորությունների հետ կապված երկրից դուրս գալ 115 իրավաբանական եւ 216 ֆիզիկական անձանց:

Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` անցյալ տարվանից նավթի համաշխարհային գների արագորեն նվազման, ադրբեջանական ազգային արժույթի` մանաթի փոխարեժքը 100 տոկոսով ընկնելու հետեւանքով հիմնականում նավթարդյունաբերությունից կախված Ադրբեջանում փակվել են մեծ թվով պետական եւ մասնավոր ձեռնարկություններ եւ հաստատություններ, ինչի հետեւանքով վերացվել են հարյուր հազարավոր աշխատատեղեր:

Marja.az լրատվական կայքն ավելի վաղ հայտնել էր, որ 2016 թվականի հունվար-փետրվարին Ադրբեջանի ՀՆԱ-ն 40 տոկոսով նվազել է, Ադրբեջանի արտաքին առեւտրաշրջանառությունը մոտ կիսով չափ կրճատվել է, Ադրբեջանի տնտեսությունն սկսել է արագորեն անկում ապրել, վարկային փոխառուների թիվը հասել է 2,6 մլն մարդու:

Դա նշանակում է, որ Ադրբեջանի բնակչության յուրաքանչյուր երեքից մեկը պարտք է բանկերին, եւ խորը տնտեսական ճգնաժամում հայտնված Ադրբեջանում չի բացառվում, որ շուտով բնակչության մեկ երրորդին կարգելվի դուրս գալ երկրից:

Միջազգային Fitch Ratings եւ Standart & Poor`s վարկանիշային գործակալությունները Ադրբեջանի երկարաժամկետ վարկանիշը արտասահմանյան եւ ազգային արտարժույթներով «BBB-» սուվերեն մակարդակից իջեցրել է մինչեւ «BB+» «աղբային» մակարդակի:

Ադրբեջանի վարկային վարկանիշը փետրվարի սկզբին մեկ մակարդակով` ներդրումայինից ցածր` «Ba1» մակարդակի իջեցրել է նաեւ Mood`s վարկանիշային գործակալությունը: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ Ադրբեջանն այսուհետ միջազգային վարկեր կարող է ներգրավել միայն ավելի բարձր տոկոսներով:

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

Share