Բաժին. Ֆինանսական

Կուտակային կենսաթոշակային միջոցները կառավարող ֆոնդերը 8-10% եկամտաբերություն են ապահովել

Պարտադիր կուտակային բաղադրիչին 2016 թ. մարտի դրությամբ մասնակցում է 143 հազար անձ:

Ազգային ժողովում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին: «Նրանցից 64 հազար 788-ը պետական հատվածի աշխատողներ են, ոչ պետական աշխատաողների թիվը 78 հազար 792 է: Դեպոզիտարիայում անհատական հաշիվներ ունեցող անձանց թիվը 218 հազար 491 է: Հավաքված գումարը 36 միլիարդ դրամից մի փոքր ավելի է, այդ թվում՝ վճարումները և պետական մասն ակցությունը: Գիտեք, որ պետական բյուջեից էլ համաֆինանսավորում է իրականացվում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ասատրյանը:

Նախարարը հավելեց, որ անցյալ տարվա ամփոփ տեղեկատվությունն այս տարի տրամադրվել է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր դիմումներ էին ներկայացրել, որ իրենք ցանկանում են ամփոփ հաշվետվությունը որևէ ձևաչափով ստանալ: «Առաջին տարում 2015թ. ամփոփ անհատական հաշվետվությունները տրամադրվել են բոլոր մասնակիցներին: Նրանք հնարավորություն են ունեցել այս ընթացքում ընտրություն կատարել հաշվետվությունների ստացման համար: Այդ ընտրությունը կատարելու պարագայում քաղաքացիները իրենց հաշվետվությունը ստացել են և կարողացել են դիտարկում իրականացնել»,- պարզաբանեց Ասատրյանը:

Նրա խոսքով՝ կուտակային պարտադիր սոցիալական վճարների կառավարման ֆոնդերը գումարների կառավարման առումով 8-10 տոկոս եկամտաբերություն են ապահովել: «Բավականին ամբողջական և մանրամասն տեղեկատվություն է տրամադրում նաև epension.am պորտալը: Մեր քաղաքացիները հնարավորություն ունեն այդ տեղեկատվական հարթակի միջոցով ստանալ իրենց հարցերի պատասխանները: Անհատական հաշիվներ դիտարկելու հնարավորություն կա նաև էլեկտրոնային եղանակով: Մեր բազմաթիվ քաղաքացիներ այդ համակարգի միջոցով կարողանում են դիտարկել իրենց հաշիվները, հետևել վճարումներին, ներդրումնե րին և դրանց արդյունքներին»,- եզրափակեց Ասատրյանը:

Share