Բաժին. Ֆինանսական

Այս տարվա առաջին եռամսյակում Յունիբանկն ապահովել է 212 մլն դրամի շահույթ

2016թ.-ի առաջին եռամսյակում Յունիբանկը գրանցել է  դրական ֆինանսական արդյունքներ  գործունեության բոլոր հիմնական ուղղություններով և շարունակել է շահույթի աճը: Բանկի ակտիվները հաշվետու ժամանակահատվածում կազմել են մոտ 170 մլրդ ՀՀ դրամ,  պարտավորությունները` 146 մլրդ ՀՀ դրամ: Յունիբանկն ապահովել է 212 մլն ՀՀ դրամի շահույթ: Պետբյուջե վճարված հարկերի ծավալով բանկը 100 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 41-րդ տեղը` 628.5 մլն դրամ ցուցանիշով:

Յունիբանկի ակտիվների աճի ապահովման հիմնական գործոնը վարկավորման ծավալների մեծացումն է` մինչև 119 մլրդ ՀՀ դրամ: Բանկի մանրածախ վարկավորման պորտֆելը կազմել է ավելի քան 55 մլրդ ՀՀ դրամ:

Բանկը շարունակել է ակտիվ աջակցություն ցուցաբերել ՓՄՁ-ներին և անհատ ձեռնարկատերերին` ձգտելով մեծացնել տնտեսության իրական հատվածի վարկավորման ծավալները: Առաջին եռամսյակում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրել է ավելի քան 5 մլրդ դրամի վարկային միջոցներ` գերազանցելով նախորդ տարվա  նույն ցուցանիշը  գրեթե վեց անգամ:

Բանկի ավանդային բազան աճել է 11.6% և կազմել 125 մլրդ ՀՀ դրամ: Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները հաշվետու ժամանակահատվածում աճել են 792 մլն ՀՀ դրամով և գերազանցել 85 մլրդ ՀՀ դրամը:

Ռազմավարական ծրագրի համաձայն,  Յունիբանկը նախորդ տարում իրականացրել է միջոցառումները`  ուղղված գործունեության արդյունավետության, ներդրումային գրավչության  բարձրացմանը,  կայունության ապահովմանն ու կապիտալի մեծացմանը: Այս տարվա ապրիլին բանկը թողարկեց 5.2 մլրդ դրամի բաժնետոմսեր և ամբողջությամբ տեղաբաշխեց դրանք Nasdaq OMX Armenia ֆոնդային բորսայում:

Այսօր Յունիբանկի սպասարկման ցանցը ներառում է 45 մասնաճյուղ և 54 պրոմո կետ: Սպառողական վարկավորման գծով բանկը համագործակցում է մոտ 1000 առևտրի և սպասարկման կետերի հետ: Եթե 2010թ.-ին Յունիբանկի ծառայություններից օգտվում էր 40 000, ապա 2010թ.-ին` ավելի քան 300 000  հաճախորդ:

Հիշեցենք, որ այս տարվա ապրիլին Յունիբանկը հայտարարեց 8% տարեկան եկամտաբերությամբ դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման մասին: Պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 24 ամիս, արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ: Պարտատոմսերի մարումը կիրականացվի 08.04.2018թ.-ին:

Share