Բաժին. Ֆինանսական

30 մլն դոլար վարկ՝ ՀՀ Էներգետիկ ոլորտի ֆինանսական առողջացման ծրագրի համար

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ «Էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրմանը:

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 30 մլն դոլարի վարկ: «Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում էլեկտրաէներգիայի մատակարարման համարժեքության և հուսալիության պահպանման ջանքերին՝ էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների և էլեկտրաէներգիայի բաշխիչ մասնավոր ընկերության ֆինանսական վիճակը բարելավելու միջոցով: Վարկը տրամադրվելու է 25 տարի մարման ժամկետով, որից 14,5 տարին՝ արտոնյալ պայմաններով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Ֆինանսների նախարարը:

Այժմ համաձայնագիրը գտնվում է վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի անցման փուլում, և համաձայն ՀՀ վարչապետի` 2014թ. հոկտեմբերի 7-ի հանձնարարականի` միջպետական միջազգային համաձայնագրերը ՀՀ նախագահի կողմից մինչև ՀՀ սահմանադրական դատարան ուղարկվելը պետք է ներկայացվեն ՀՀ կառավարության հավանությանը:

Share