Բաժին. Ֆինանսական

Հայաստանում առավել մեծ պահանջարկ ունեն քարտային և ոսկու գրավով վարկերը

Մեր երկրում գործազրկության աճը, ինչպես նաև արտերկրից ստացվող դրամական միջոցների նվազումը իրենց ազդեցությունն են ունեցել տնային տնտեսությունների վարկունակության, հետևաբար նաև այս հատվածին տրամադրվող վարկերի ծավալների վրա:

Ինչպես վկայում են Կենտրոնական բանկի հրապարակած պաշտոնական վիճակագրական տվյալները՝ 2015 թվականին հայստանյան բանկերի, գրավատների և վարկային կազմակերպությունների նկատմամբ տնային տնտեսությունների ընդհանուր պարտավորությունները նվազել են 3.0%-ով և կազմել շուրջ 920 մլրդ ՀՀ դրամ:

Ընդ որում, միայն բանկերի կողմից տրամադրված վարկերի մակարդակը նվազել է 4.0%-ով, իսկ վարկային կազմակերպությունների և գրավատների նկատմամբ պարտավորություններն ավելացել են համապատասխանաբար 2.7% և 3.1%-ով: Նման զարգացումը վկայում են այն մասին, որ սպառողական վարկավորման շուկայում բանկերին մասամբ «փոխարինելու» են գալիս վարկային կազմակերպություններն ու գրավատները:

Ըստ հրապարակված վիճակագրության՝ սպառողական վարկերի մասով գրանցվել է 5.6% նվազում՝ պայմանավորված քարտային վարկերի, ավտովարկերի և այլ սպառողական վարկերի կրճատմամբ: Ոսկու գրավով և կենցաղային, համակարգչային տեխնիկայի ձեռքբերման վարկերն ավելացել են համապատասխանաբար 4.2%-ով և 11.0%-ով:

Սպառողական վարկավորման կառուցվածքում շարունակում են գերակշռող մասնաբաժին ունենալ քարտային և ոսկու գրավով վարկերը: Որպես սպառողական վարկավորումը խոչընդոտող հիմնական գործոններ շարունակում են մնալ տնային տնտեսությունների եկամուտների կրճատումը, ինչպես նաև պարտքի բեռի բարձր մակարդակը:

Share