Բաժին. Ֆինանսական

2015թ.-ին պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերությունը կազմել է 5.3%

2015 թվականի վերջի դրությամբ Հայաստանում պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների գործունեություն իրականացնելու թույլտվություն է ունեցել 2 ներդրումային ֆոնդի կառավարիչ՝ Ամունդի Ակբա Ասեթ Մենեջմենթ Արմենիան և Ցե Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիան, որոնցից յուրաքանչյուրը կառավարում է 3 պարտադիր կենսաթոշակային ֆոնդեր:

Ինչպես տեղեկացնում են Կենտրոնական բանկից (ԿԲ)՝ 2015 թվականի վերջին կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքը կազմել է 31.5 մլրդ դրամ: Տարեվերջի դրությամբ զուտ ակտիվներ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 0.62%: Հաշվետու տարվա վերջի դրությամբ կենսաթոշակային ֆոնդերի ակտիվ մասնակիցների թիվը կազմել է 140 հազար մարդ:

Հարկ է նշել, որ եթե 2014 թվականին ֆոնդերի կառավարիչները միջոցները հիմնականում պահում էին առավել իրացվելի և եկամտաբեր ակտիվներում (դրամական միջոցներ և ավանդներ), ապա  2015 թվականին դրամական միջոցների և ավանդների տեսակարար կշիռը նվազել է՝ ի հաշիվ բաժնային արժեթղթերի և պարտատոմսերի (պետական և ոչ պետական) տեսակարար կշիռների ավելացման` ներդրումները դարձնելով առավել բազմազանեցված:

Նշենք նաև, որ ֆոնդերի արտարժութային ակտիվների տեսակարար կշիռը ներկայումս կազմում է 33.1% կամ 10.4 մլրդ դրամ, որի գերակշիռ մասը կամ 9.6 մլրդ դրամը կազմում են բաժնային արժեթղթերը:

Ֆոնդերի եկամտաբերությունը 2015 թվականին կազմել է 5.3%: 2014 թվականի սկզբից կուտակային եկամտաբերությունը երկու տարվա համար կազմել էր 10.0%:

Ֆոնդերի ակտիվների 42.5%-ը կամ 13.0 մլրդ դրամը կազմում են ներդրումները ՀՀ պետական պարտատոմսերում: ՀՀ պետական եվրոպարտատոմսերում ներդրումները կազմում են 357 մլն դրամ: Ֆոնդերի ակտիվներում առկա պետական պարտատոմսերի միջին կշռված ժամկետայնությունը կազմում է 5 տարի, միջին կշռված եկամտաբերությունը՝ 15.2%:

Share