Բաժին. Ֆինանսական

Ներսես Երիցյան․ միջազգային կապիտալն առավել հասանելի դարձնելու համար բանկերը պետք է վարկանիշավորվեն

ՀՀ կենտրոնական բանկն ու կառավարությունը ձգտում են հայկական բանկերի ու ֆինանսական ընկերությունների համար ստեղծել խթանների համակարգ, որպեսզի դիմեն ու ստանան միջազգային վարկանիշավորում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Երևանում անցկացվող «Fitch Ratings»-ի համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը: Նրա խոսքով` ռեյտինգավորման գործընթացը չպետք է հետաձգել` ունենալով վախեր, որ այդ վարկանիշավորումը կլինի ցածր: «Մենք գիտակցում ենք, որ ինչ-որ բան սկսելու ժամանակ որոշակի ծախսեր են առաջանում, որ կարող են խոչընդոտ հանդիսանալ ավելի երկարաժամկետ ծրագրերի համար: Պետության դերը նրանում է, որ հեշտացնենք այդ գործընթացը, ուղղորդենք ընկերություններին: Անհրաժեշտ է վաղ շրջանում ռեյտինգավորման գործընթացը սկսել, կարևորը գնահատական ստանալն ու հասկանալն է, թե որքան է ռիսկը, որպեսզի հնարավոր լինի բարեփոխումների գնալ»,-ասաց պաշտնյան` հավելելով, որ չկան երաշխիքներ, թե ռեյտինգավորման հետաձգումն ավելի լավ արդյունքների է բերելու:

Ներսես Երիցյանի խոսքով` ռեյտինգավորումը ենթադրում է գործիքներ ընկերության կառավարման ու համաշխարհային շուկաներին հասանելիության առումով: «Մենք այս տարիներին համոզվել ենք, որ ռեյտինգավորումն անհրաժեշտ է ներքին խնայողությունները ներդրումների փոխակերպելու ու համաշխարհային շուկայում միլիարդների հասնող կապիտալը մեր ընկերություններին հասանելի դարձնելու համար: Մենք հասկացանք, որ ավելի հեշտ է միջազգային կապիտալը ընկերություններին հասանելի դարձնելը, քան համոզել, որ տեղական խնայողությունները հոսեն դեպի արդյունավետ ներդրումներ: Եվ որ լավագույն  չափանիշներ ունենալու դեպքում կարճանում է հաջողության հասնելու ճանապարհը»,-նշեց Ներսես Երիցյանը:

ԿԲ ներկայացուցիչը շեշտեց, որ ընկերությունները, որոնք ունեն ռեյտինգ, ավելի լավ կարող են բացատրել, թե ինչ է փոխվում իրենց կյանքում, երբ ներդրողների մոտ ընկալման մակարդակը փոխվում է:

Share