Բաժին. Ֆինանսական

HSBC Հայաստանը նոր ղեկավար ունի՝ Փոլ Էդգարը փոխարինել է Թիես Քլեմենցին

Էյչ-Էս-Բի-Սի-ն տեղեկացնում է, որ Փոլ Էդգարը նշանակվել է գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայաստանում՝ հաջորդելով Թիես Քլեմենցին: Վերջինս ղեկավար պաշտոն կզբաղեցնի Խմբի Առևտրավարկային ուղղության միջազգային հաճախորդների հետ հարաբերությունների վարչության առաջարկների մշակման թիմում:

Պրն. Էդգարի նշանակումն ուժի մեջ կմտնի 2016թ-ի հուլիսի 11-ից հետո և ենթակա է օրենսդրությամբ սահմանված համապատասխան գրանցման:

Փոլ Էդգարն Էյչ-Էս-Բի-Սի-ում աշխատում է սկսած 1994թ-ից և միջազգային բանկային գործի ոլորտում հարուստ փորձ ունի: Նա զբաղեցրել է մի շարք պաշտոններ՝ ներառյալ առևտրավարկային դեպարտամենտի սեգմենտային տնօրեն Ավստրալիայում ու Հոնգ Կոնգում և Գործառնական բանկինգ դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Մերձավոր Արևելքում: Նշանակումներ է ունեցել նաև Ճապոնիայում, Սաուդյան Արաբիայում, Ինդոնեզիայում, Շրի Լանկայում և Լոնդոնում: Նա Հայաստան կժամանի Մավրիկիոսից՝ թողնելով առևտրավարկային դեպարտամենտում զբաղեցրած իր ներկայիս պաշտոնը:

«Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Թիեսին՝ այն զգալի ներդրման համար, որ նա ունեցել է մեր հայաստանյան բիզնեսի զարգացման գործում: Նա հաջողությամբ ղեկավարել է HSBC Հայաստանը մարտահրավերնելով լի միջավայրում` մշտապես ապահովելով լավ արդյունքներ ու կայուն  եկամտաբերություն: Նաև ուզում եմ ողջունել Փոլին, ով իր հետ բերում է ֆինանսական ծառայությունների ոլորտի 22 տարվա փորձ: Նա հստակ պատկերացում ունի HSBC բիզնեսի վերաբերյալ, ինչը կօգնի խթանել բիզնես համագործակցությունն ու զարգացումը,» մեկնաբանել է Էյչ-Էս-Բի-Սի Խմբի Եվրոպայի տարածարջանի միջազգային գլխավոր գործադիր տնօրեն Քրիս Դեյվիսը:

Share