Բաժին. Ֆինանսական

HSBC. Միջազգային առևտրում մեծ են կեղծարարությունների հետ կապված ռիսկերը

Հայաստանյան ներմուծողներին և արտահանողներին HSBC Բանկ Հայաստանն առաջարկում է միջազգային առևտրի ֆինանսավորման գործիքներ, որոնք ապահովում են ռիսկերի և ծախսերի կրճատում՝ երաշխավորելով միջազգային առևտրային գործարքների ապահովությունն ու վստահելիությունը: Այս ոլորտում Բանկն օգտագործում է առևտրի ֆինանսավորման մասով HSBC-ի 150 տարվա միջազգային հարուստ փորձն ու բարձր որակավորմամբ մասնագետների գլոբալ ցանցը, որի հնարավորությունը չունի լոկալ ոչ մի այլ բանկ: «Բիզնես 24»-ի հետ զրույցում այս մասին նշեց HSBC Բանկ Հայաստանի Առևտրավարկային դեպարտամենտի տնօրենի տեղակալ Արթուր Պետրոսյանը՝ հունիսի 15-ին Բանկի գլխավոր գրասենյակում կայացած՝ «HSBC Առևտրի Ֆինանսավորման Մրցանակաբաշխություն 2016» միջոցառման շրջանակում:

Ըստ Արթուր Պետրոսյանի՝ այսօր միջազգային առևտրի ոլորտում հայաստանյան ընկերությունները բախվում են այն նույն ռիսկերի հետ, որոնք ընդհանրական են միջազգային շուկաներում գործող բոլոր ընկերությունների համար: Մասնավորապես, այդ ռիսկերը հաճախ կապված են տարաբնույթ խարդախությունների և կեղծարարությունների հետ, որոնք ներմուծողների համար կարող են մեծացնել, օրինակ, չմատակարարման ռիսկը, արտահանողների համար՝ չվճարման ռիսկը: Բանկի կողմից առաջարկվող ֆինանսավորման գործիքները հնարավորություն են տալիս ապահովելու ռիսկերի զսպվածություն և նպաստում են ֆինանսական ծախսերի կրճատմանը:

Ինչ վերաբերում է հայաստանյան գործարար միջավայրում միջազգային առևտրի ֆինանսավորման գործիքների մասին տեղեկացվածության մակարդակին, Արթուր Պետրոսյանը նշեց, որ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում այն բարձր չէ, և մեծապես պայմանավորված է լոկալ շուկայում բանկերի պատրաստակամությունից և ֆինանսական գործիքների ենթակառուցվածքային զարգացվածությունից:

Նշենք, որ 2015 թվականին, 2014 թվականի համեմատ,  HSBC Բանկ Հայաստանի առևտրի ֆինանսավորման եկամուտներն աճել են 29.2%-ով:

2016 թվականի մարտի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 256.6 միլիարդ ՀՀ դրամ:

Share